Լիբանանի շիայական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է շեյխ Նայիմ Քասեմին նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելու մասին։
Նայիմ Քասեմը նախկինում զբաղեցրել էր գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, որին դեռեւս 1991 թվականին նրան նշանակել էր «Հեզբոլլահի» այն ժամանակվա գլխավոր քարտուղար Աբբաս ալ-Մուսավին։
«Հիմնվելով Ամենակարող Ալլահի հանդեպ հավատքի, Մուհամմադի իրական իսլամի եւ «Հեզբոլլահի» սկզբունքներին ու նպատակներին հավատարիմ մնալու վրա եւ համաձայն գլխավոր քարտուղարի ընտրության հաստատված մեխանիզմի՝ «Հեզբոլլահի» Շուրան (շարժման գլխավոր կառավարող մարմինը) համաձայնեց գերաշնորհ շեյխ Նայիմ Քասեմին ընտրել որպես «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար, որը պետք է այս ճանապարհին կրի օրհնյալ դրոշը՝ խնդրելով Ամենակարող Ալլահին առաջնորդել նրան «Հեզբոլլահը» եւ նրա իսլամական դիմադրությունը ղեկավարելու ազնիվ առաքելության մեջ»,- ասվում է շարժման պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի վերջին Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետեւանքով Հասան Նասրալլահի սպանությունից հետո սա առաջին անգամն է, երբ «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարում է նոր գլխավոր քարտուղար ընտրելու մասին։
«Մենք խոստանում ենք Ամենակարող Ալլահին, մեր վսեմ եւ ամենաթանկ նահատակի՝ գերաշնորհ Սայեդ Հասան Նասրալլահի հոգուն, բոլոր նահատակներին, իսլամական դիմադրության մարտիկներին եւ մեր հաստատակամ, համբերատար ու հավատարիմ ժողովրդին միասին աշխատել՝ «Հեզբոլլահի» սկզբունքներին եւ նրա ուղու նպատակներին հասնելու, դիմադրության հուրը վառ եւ նրա դրոշը բարձր պահելու համար մինչեւ հաղթանակի հասնելը»,- ասվում է շիայական շարժման հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին արաբական լրատվամիջոցները հայտնեցին «Հեզբոլլահ»-ի ղեկավարի պաշտոնում շեյխ Սաֆի ալ-Դինի ընտրության մասին, սակայն լիբանանյան շարժումը այդ տեղեկությունները պաշտոնապես չհաստատեց։
Հոկտեմբերի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի քաղաքացիներին ուղղված խոսքում նշել էր, որ Նասրալլահի իրավահաջորդը կարող է սպանված լինել Բեյրութի ռմբակոծությունների հետեւանքով։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Իսրայելը նաեւ իրավունք ունի հաղթելու եւ դա կանի: Մենք թուլացրել ենք «Հեզբոլլահի» հնարավորությունները։ Մենք սպանեցինք հազարավոր ահաբեկիչների՝ ներառյալ հենց Նասրալլահին, Նասրալլահի իրավահաջորդին եւ նրա իրավահաջորդին: Այսօր «Հեզբոլլահը» ավելի թույլ է, քան երբեւէ եղել է երկար տարիներ ի վեր»,- ասել էր Իսրայելի վարչապետը։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հեզբոլլահի» դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի նպատակը լիբանանյան շարժման ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն է եւ Իսրայելի հյուսիսային շրջաններից շուրջ 80 հազար տեղահանված բնակչության վերադարձի համար պայմանների ապահովումը, որոնք իշխանությունների կողմից տարհանվել էին իսրայելա-լիբանանյան սահմանին սրվող իրադրության պատճառով:
Հոկտեմբերի 1-ից էլ Իսրայելը հայտարարել է Լիբանանի տարածքում ցամաքային սահմանափակ գործողություններ սկսելու մասին։