Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստան տեղափոխված՝ Հյուսիսային Կորեայի զինվորականների հավանական ներգրավման հարցը Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններին։
«Քննարկեցինք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ հյուսիսկորեացի զինվորականների ներգրավման հարցը։ Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է եւ դուրս է գալիս երկու երկրների սահմաններից»,- գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։
Իր խոսքերով՝ նա Հարավային Կորեայի նախագահին «թարմ տվյալներ է տրամադրել մարտական գոտու անմիջական մերձակայքում գտնվող 3 հազար հյուսիսկորեացի զինվորականների ռուսական զորավարժարաններ տեղափոխելու եւ նրանց թիվը մոտ 12 հազարով ավելացնելու մասին»։
«Համաձայնեցինք ուժեղացնել հետախուզական տվյալների եւ փորձի փոխանակումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էին, որ ռազմական համագործակցությունն իրականացվում է «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է ամռանը Փհենյանում եւ հաստատվել Պետդումայի կողմից աշնանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ չհերքեց Հյուսիսային Կորեայից զինվորականների տեղափոխման մասին տեղեկությունները եւ ասաց. «Ինչ եւ ինչպես կանենք [Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 4-որդ] հոդվածի շրջանակում, արդեն մեր գործն է»։
«Կորեայի Հանարապետության եւ Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են անցկացնել ռազմավարական խորհրդատվություններ Մոսկվայի եւ Փհենյանի միջեւ ապօրինի ռազմական համագործակցությանը՝ ներառյալ հյուսիսկորեացի զորքերի տեղակայմանը, համատեղ արձագանքելու համար»,- հայտնել են Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակից։
Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունից հայտնել էին, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվորի ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովն էլ հայտնել էր, որ Ռուսաստանի արեւելքում վերապատրաստվում է 11 հազար հյուսիսկորեացի զինվորական, որոնք մինչեւ նոյեմբերի 1-ը պատրաստ կլինեն մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա չէր հայտնել այս տեղեկատվության աղբյուրը, սակայն նշել էր, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի Կուրսկի շրջան։
Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։
Հոկտեմբերի 21-ին էլ Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունից հայտնել են, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը: