Հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսվել է գրիպի եւ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվ սեզոնը։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) «Ալիք Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ հոկտեմբերի չորրորդ շաբաթվա (21-27) ընթացքում ՀՀ-ում գրանցվել է ՍՇՎ-ներով պայմանավորված հիվանդությունների միջին ակտիվություն:
Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 4490 բուժառու, նախորդ շաբաթվա 4832 գրանցված դեպքերի համեմատ հիվանդության դեպքերը նվազել են 1․1 անգամ, և ցուցանիշը նույնքան ցածր է, ինչ 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Ընդհանուր դեպքերի 71․6%-ը գրանցվել է 0-18 տարեկանների շրջանում։
Հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է ՍՇՎ ունեցող 405 բուժառու, որի գերակշռող մեծամասնությունը՝ 97%-ը, երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված 251 բուժառուների 63%-ը եւս երեխաներ են։ Ներկայում մեր երկրում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, պարագրիպի եւ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։
Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (ԻՀԱԿ) մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անահիտ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՍՇՎ-ները հիմնականում օդակաթիլային ճանապարհով՝ հազի կամ փռշտոցի միջոցով են տարածվում, վարակի աղբյուր է հիվանդ մարդը։
«Հիմնական կլինիկական նշաններն են հիվանդության սուր սկիզբը, բարձր ջերմությունը։ Հիվանդներն ունենում են արտահայտված գլխացավ, մկանացավ, հոդացավ, աչքերի արյունալեցում, լինում է չոր հազ, որը կարող է տեւել մինչեւ երկու շաբաթ, ընդհանուր խիստ արտահայտված թուլություն։ Եթե մյուս շնչառական վարակների դեպքում ջերմությունը կառավարելի է, ապա գրիպի դեպքում կարող է հասնել մինչեւ 39-40 աստիճան եւ կայուն պահպանվել»,- ներկայացնում է բժիշկը։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանն ընդգծում է՝ այն արդեն նույնն է, ինչ այլ շնչառական վարակները։
«Կորոնավիրուսի բարդություններն ու հսկողությունը նույնն են, ինչ մյուս ՍՇՎ-ների դեպքում։ Չկա որեւէ առանձնահատուկ ախտանշան, որի միջոցով անձը կարող է տարբերակել՝ կորոնավիրո՞ւս է, թե՞ այլ շնչառական վարակ»,- ընդգծում է մասնագետը։
Բժիշկները հորդորում են ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել եւ անհրաժեշտ հետազոտություններն անցկացնել հիվանդանոցային պայմաններում՝ բարդություններից խուսափելու համար։ Արգելված է հատկապես հակամանրէային դեղամիջոցների կիրառումը՝ առանց բժշկի ցուցման։
«Դրանց կիրառումը ոչ միայն չի օգնում ՍՇՎ-ների դեմ պայքարում, այլեւ կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել»,- նշում է Առաքելյանը։
Բժիշկները նշում են, որ ՍՇՎ-ների ռիսկի խմբում երեխաներից բացի նաեւ 65 տարեկանից բարձր անձինք են, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, հղիները։ Գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, որի համար կարելի է դիմել առողջության առաջնային պահպանման կազմակերպություն։
Ռիմա Այվազյանը նշում է նաեւ մի շարք միջոցներ, որոնց հետեւելով՝ հնարավոր է խուսափել վարակվելուց․ «Առաջին պայմանը, իհարկե, ձեռքերը հաճախակի լվանալն է, մաքուր օդում գտնվելը, վարակակրի հետ շփումից խուսափելը, շատ հեղուկներ օգտագործելն ու տարածքը օդափոխելը»,- նշում է մասնագետը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: