Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով հետեւել է միջուկային զսպման ուժերի ուսումնական վարժանքների անցկացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածության աճը, նոր արտաքին սպառնալիքների եւ վտանգների ի հայտ գալը՝ կարեւոր է ունենալ ժամանակակից եւ մարտական կիրառման համար մշտապես պատրաստ ստրատեգիական ուժեր»,- «Интерфакс»-ի փոխանցմամբ նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան հաստատում է իր դիրքորոշումը, որ միջուկային զենքի կիրառումը մնում է որպես «անվտանգության ապահովման ծայրահեղ միջոց»:
«Միաժամանակ, մենք լավ գիտակցում ենք, որ հենց «միջուկային եռյակն» է շարունակաբար մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծելու մարտավարական զսպման խնդիրները եւ պահպանելու միջուկային հավասարությունը եւ ուժերի հավասարակշռությունը աշխարհում որպես համաշխարհային կայունության օբյեկտիվ գործոններ»,- ասել Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ վարժանքների ընթացքում գործնական արձակումներով մշակվելու են միջուկային զենքի կիրառման հարցում պատասխանատու պաշտոնյաների գործողությունները:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադրություն չունի մասնակցելու սպառազինությունների մրցավազքին, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին էլ էր Կրեմլը հայտարարել, որ Պուտինը հետեւել է միջուկային զսպման ուժերի վարժանքներին։ Դրանց ընթացքում նախ Պլեսեցկի տիեզերակայանից, ապա նաեւ Բարենցի ծովում գործող «Тула» ատոմային սուզանավից դեպի Կամչատկայի հրաձգարան էին արձակվել «Ярс» եւ «Синева» միջմարցամաքային հրթիռները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ պլանավորված ռազմավարական զսպման ուժերի վարժանքին հետեւել է Վլադիմիր Պուտինը։
«Դրանք պարբերաբար անցկացվում են»,- ասել էր Կրեմլի խոսնակը։
Այս տարվա սեպտեմբերին Պուտինը առաջարկել էր թարմացնել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմնասյուները։ Նա, մասնավորապես, առաջարկել էր միջուկային հարվածի համար հիմք դիտարկել «Ցանկացած միջուկային պետության աջակցությամբ ոչ միջուկային պետության կողմից Ռուսաստանի դեմ ագրեսիան», ինչպես նաեւ ոչ միջուկային միջոցներով զանգվածային օդային հարձակումը, այդ թվում՝ անօդաչու սարքերով։ Այդ ժամանակ Կրեմլից հայտարարեցին, որ դա պետք է համարել «հստակ ազդանշան» Արեւմուտքի համար։