1920 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, թուրք քեմալականները Արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ գրավեցին Կարսը:
Կարսը, որ այսօր Թուրքիայի կազմում է, եղել է 10-րդ դարի Բագրատունիների մայրաքաղաքներից, իսկ գրավման պահին Հայաստանի Հանրապետության մեծությամբ չորրորդ քաղաքն էր:
1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն` Կարսի մարզում բնակչության թիվը եղել է շուրջ 290 հազար, որից հայերը՝ 25 տոկոս, թուրքերը՝ 22, քրդերը՝ 15, հույները՝ 11, կարափափախները՝ 10, ռուսները՝ 8 տոկոս:
1918-ի ապրիլի 25-ին թուրքական զորքերը գրավեցին քաղաքը եւ համանուն մարզը, ապա` Ալեքսանդրապոլը եւ Շիրակի դաշտի մյուս բնակավայրերը:
Մեկ տարի անց բրիտանացիների օգնությամբ, որոնք Հայաստանի դաշնակիցներից էին, հայկական ուժերը մտան Կարս:
Այսպիսով` Կարսի մարզը միացվեց Հայաստանի Հանրապետությանը, նահանգապետ նշանակվեց Ստեփան Ղորղանյանը: Կարսի քաղաքապետ դարձավ Համազասպ Նոհրատյանը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ի կերպարներից Մազութի Համոն:
1920-ի աշնանը՝ սեպտեմբերին, սկսվեց քեմալականների հարձակումը, որը վերածվեց թուրք-հայկական պատերազմի եւ ավարտվեց Հայաստանի պարտությամբ: Դա նաեւ թուրք-հայկական վերջին պատերազմն էր:
Քեմալականները նախ գրավեցին Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը, Արդահանի հայկական մասը (Արդահանի մյուս հատվածը Վրաստանի կազմում էր), իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կարսը: Հետագա մի քանի օրերի եւ շաբաթների ընթացքում թուրքական զորքերը գրավեցին նաեւ Իգդիրը, Անին, Ալեքսանդրապոլը՝ Գյումրին:
1920-ի աշնանը Հայաստանը փաստացի պատերազմի մեջ էր նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, որի 11-րդ բանակը գրավեց Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը:
Այսպես, Հայաստանը վեց շաբաթների ընթացքում՝ բոլշեւիկ-քեմալականների հարվածների տակ, կորցրեց շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց: Քեմալականները գրավյալ Ալեքսանդրապոլում մնացին մինչեւ հաջորդ տարվա ապրիլ՝ ավեր ու սպանդ սփռելով Շիրակի դաշտում:
Իսկ Կարսը եւ Սուրմալուն՝ Անիի ավերակներով ու Մասիս սարով, մնացին Թուրքիային: 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց համանուն պայմանագիրը, որով եւ գծվեց Խորհրդային Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, որը գործում է մինչեւ այսօր:
1920-ի այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ քեմալականները գրավեցին Կարսը, տեղի հայ բնակչությունն ու հայկական զորքը խուճապահար փախչում էին դեպի Ալեքսանդրապոլ: Շուրջ 2000 հայեր գերի ընկան, որոնց մեջ էին զորավարներ Փիրումյանը, Արարատյանը, Ղազարյանը, գնդապետ Վեքիլյանը, առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդին, Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս դարձած Գարեգին Հովսեփյանը:
Կարսի անկման մասին գրվել են բազմաթիվ հուշեր, հոդվածներ, գրքեր: Կարսի անկման օրերին Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուբեն Տեր-Մինասյանն էր, որը, զարմանալիորեն, իր շուրջ մեկ տասնյակ հուշերի գրքերում չի անդրադարձել Հայաստանի պատմության այդ ողբերգական ու կորստաբեր դեպքին:
Հայաստանում, Սփյուռքում պատմության այս օրը՝ հոկտեմբերի 30-ը, չի հիշվում եւ հիշատակվում:
Հավանաբար, որովհետեւ հիշելը ձեռնտու չէ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։