Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքը փլուզվում է: Քայքայված, ապրելու ոչ ենթակա բազմաբնակարանում երեխաներ են ծնվում, մեծանում:
Անտառավան 26 շենքի մասին շատ է խոսվել, քննարկվել, բայց հարցին թեկուզ մասնակի լուծում երբեւէ չի տրվել: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, սեյսմիկ պաշտպանության մասնագետ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ասում է՝ 1960-ականների վերջին կառուցված շենք է, հինգհարկանի, չորս մուտքով: Այժմ պաշտոնապես երրորդ կարգի վթարայնություն ունի, պատշգամբները՝ չորրորդ: Սակայն եթե կառավարական հանձնաժողովը նոր եզրակացություն անի, ամբողջ շենքին չորրորդ կարգ կտա:
Նախքան 1988 թվականի երկրաշարժը Անտառավան 26-ում կյանքը եռացել է, 60 բնակարաններում էլ ընտանիքներ են ապրել: Աղետից հետո շենքը մասնակի վնասվել է, բայց այս ծայրահեղ վիճակին հաստատ չի եղել. մեղավորը ոչ միայն երկրաշարժն է, այլեւ մարդկային անտարբերությունը, ղեկավարության անհետեւողականությունը:
Վթարայինի բնակիչ Իրինա Սարգսյանը 1990-ականների սկզբին այս շենք է հարս եկել, ամուսնու հայրական տունն է: 1993 թվականին սեփականաշնորհել են, բայց այն ժամանակ դեռ կառույցի վիճակն այսչափ անմխիթար չէր: «Ճիշտ է, շենքը տուժել էր երկրաշարժից, բայց կանգուն էր, քիչ վնասված: Տարեցտարի բնակիչները նոսրացան, ամեն մեկն իր հետեւից քանդեց, ավերեց ու գնաց: Շուրջ 4 տասնամյակ իշխանություն փոխվեց, եկան, խոստումներ տվեցին, գնացին, ու ոչ մեկը մեր մատից փուշ չհանեց»,- պատմում է նա: Վթարային բնակարանում այժմ ապրում է ամուսնու, որդու, դստեր եւ երկու մանկահասակ թոռների հետ, ասում է՝ Աստված են կանչում, որ շենքի փլուզման ժամանակ երեխաներն ու թոռները տանը չլինեն: Վթարված աստիճաններով տուն բարձրանալն էլ ամեն անգամ նոր փորձություն է նրանց համար:
Ձմռան գալուստը շենքի տասը ընտանիքների համար աղետ է խորհրդանշում: Գազի խողովակը ուղիղ փլուզվող հատվածում է, կապույտ վառելիքով տաքանալ չեն համարձակվում: Ստիպված, ինչպես վերջին տարիներին, վառարան են դնելու. արկղեր են հավաքել, դրանով են տաքացնելու խարխուլ բնակարանները: Ջուրն էլ բոլոր բնակիչների համար ապահովում է բակի միակ ծորակը, եթե չսառչի:
Իրինան ասում է՝ իրենց խնդրով ուր ասես դիմել են, ինչ դուռ ասես՝ թակել: Վերջին դիմումը մարդու իրավունքների պաշտպանին են գրել, անհույս, բայց, այնուամենայնիվ, սպասում են:
Վերջին՝ ամենաթարմ պատասխանը, որ ստացել են անթիվ-անհամար դիմումներից, 2024 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից է եղել։ Նախարարն ասել է՝ 2023 թվականին Անտառավան 26 շենքում փաստացի բնակվող տասը ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով կրկին մշակվել է համապատասխան իրավական ակտի նախագիծ։ Նախագիծը քննարկվել է Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2023 թվականի նոյեմբերի 21-ի նիստում։ Քննարկման արդյունքներով առաջարկվել է հարցին անդրադառնալ պետական քաղաքականության հիմնական մոտեցումները հստակեցնելուց հետո:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ ասել է՝ ոչ միայն Անտառավան 26 շենքի, այլեւ Գյումրու այլ վթարայինների բնակիչների բնակապահովման հարցը հաճախ է քննարկվում Կառավարությունում։ Նա չի շտապել խոստում տալ, բայց ակնարկել է, որ մոտ ապագայում հարցին լուծում կտրվի:
Նշենք, որ տարբեր ժամանակներում հարցի լուծման տարբեր ճանապարհներ են նախանշվել, բայց բոլորը թղթի վրա են մնացել: Բնակիչներին բնակարանի գնման վկայագիր տալու միջոցով տանտեր դարձնելու մի քանի անհաջող փորձ եղել է, բայց շենքի ապամոնտաժման համար բնակիչների 100 տոկոսի համաձայնությունն է պետք եղել։ 60 ընտանիքներից 58-ը համաձայնությունը տվել է, իսկ երկուսին գտնել չի հաջողվել, հարցն էլ մնացել է երկու չգտնված ընտանիքների պես անհայտ ու անհասցե:
Նշենք, որ այսպիսի շենքեր կան նաեւ մարզի այլ հատվածներում։ Կիսախարխուլ բնակարաններում դեռեւս ապրում է 2221 ընտանիք։ Մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։