Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն Երեւանում տեսնում են։
Հարությունյանը նաեւ դրական է գնահատել հոկտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Կազանում կայացած հանդիպումը։
«Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում, երկխոսության առումով, եւ վստահաբար միտված ենք նրան, որ առաջիկայում նախաձեռնված գործընթացները եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դառնան։ Կարծում եմ, նման շփումները օգուտ տալիս են»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի առաջընթացներ են գրանցվել Կազանում, Հարությունյանը նշել է, որ հստակ չի կարող ասել՝ ինչ ձեռքբերումներ կան՝ հավելելով․ «Գործընթաց է, որը գնում է։ Քննարկումները եղել են, տետ-ա-տետ, եւ դուք տեսել եք լուսանկարը պատվիրակություններով։ Այսքանով կբավարարվեմ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում BRICS-ի XVI գագաթնաժողովի «Աուտրիչ/BRICS+» ձեւաչափով նիստի ընթացքում կայացել էր Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը։
Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահականը տարածեցին նույնաբովանդակ հայտարարություններ՝ մասնավորապես նշելով, որ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, սահմանագծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նաեւ նշվում էր, որ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։