Թեհրանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պահին պատասխանելու իր տարածքի վրա հոկտեմբերի 26-ին Իսրայելի օդային հարձակումներին։
«Մեր դիրքորոշումը շատ հստակ հիմնված է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության վրա։ Այն ագրեսիան, որը կատարվել է, կարող է պատասխան ստանալ։ Մեր պատասխանը լինելու է պաշտպանական գործողություն, բայց թե ինչպես կկատարենք այդ պաշտպանությունը, կախված է մեզանից»,- հայտարարել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարը օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ընդգծել է, որ լարվածության թուլացումը մասշտաբային պատերազմի հավանականության պատճառով դարձել է ինչպես հասարակական ու տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ պահանջ, որը հնարավոր է իրագործել միայն «սիոնիստական ռեժիմի ագրեսիվ քաղաքականությունը եւ կոշտ հարձակումները զսպելու միջոցով»։
Արաղչին նաեւ քննադատել էր եվրոպական երկրներին Իսրայելի հարձակումը չդատապարտելու համար՝ նշելով, որ արեւմտյան երկրները հակված են քննարկելու միջազգային իրավունքը միայն այն դեպքում, երբ այն համահունչ է նրանց շահերին։
Արտգործնախարար Արաղչին հաջորդիվ հավելել է, որ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու գործում զգալի դեր է խաղացել ԱՄՆ-ը՝ նշելով, որ վերջինս անհրաժեշտ օդային միջանցք է տրամադրել Իսրայելի համար, ինչը, ըստ դիվանագետի, ԱՄՆ-ին եւ որոշ եվրոպական երկրներին դարձնում է այդ հարձակումների մասնակիցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։
Հոկտեմբերի 1-ին էլ Իրանն էր զանգվածային հրթիռային հարվածներ հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։