Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պնդում է, որ Գուդերմեսում տեղակայված Ռուսաստանի հատուկջոկատայինների համալսարանի (ՌՀՀ) վրա անօդաչու սարքի հարձակման հետեւանքով իբր զոհվել են ուկրաինացի գերիներ։
«Ինչպես նախկինում ասել էի, մեր կողմից զոհեր չկան հարձակման հետեւանքով։ Սակայն զոհեր կան ուկրաինացի գերիների շրջանում։ Հանրապետության յուրաքանչյուր ռազմավարական օբյեկտում պահվում է մինչեւ 10 ուկրաինացի գերի, այդ թվում՝ ՌՀՀ-ի տարածքում։ Կիեւը, փորձելով վնասել մեզ, այսօր կորցրեց իր զինվորներին»,- գրել է Չեչնիայի ղեկավարը տելեգրամյան ալիքում։
Կադիրովը այս հայտարարությունների հետ որեւէ ապացույց չի ներկայացրել։
Նախորդ օրը հայտնի դարձավ, որ Չեչնիան ենթարկվել է անօդաչու սարքերի առաջին պաշտոնապես հաստատված հարձակմանը, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել Գուդերմեսի հատուկջոկատայինների համալսարանի շենքերից մեկի տանիքում։
«Հատուկջոկատայինների ռուսական համալսարանը» հիմնադրվել է Գուդերմեսում 2013 թվականին եւ այս տարվանից կրում է Վլադիմիր Պուտինի անունը։ Չեչնիայի իշխանությունների պնդմամբ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից համալսարանում վերապատրաստում են անցել հազարավոր մարդիկ, որոնք հետագայում մեկնել են պատերազմ։