ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Մոսկվան եւ Կիեւը բանակցություններ են վարում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։
«Այսօր շատ են այսպիսի հերյուրանքները: Նույնիսկ ամենահեղինակավոր պարբերականները չեն խորշում դրանցից: Նման նյութեր են լցնում, ահա այսպիսի հրապարակումներ թողարկում»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Financial Times-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ Մոսկվան եւ Կիեւը Կատարի միջնորդությամբ «նախնական քննարկումներ» են անցկացնում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելու շուրջ։ Պարբերականը նաեւ նշել էր, որ խոսքը «շատ վաղ փուլում գտնվող քննարկումների» մասին է՝ ուղղված այդ հարցի շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսմանը։
The Washington Post-ի տվյալներով՝ դեռեւս 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանը եւ Ուկրաինան նախատեսում էին պատվիրակություններ ուղարկել Կատար՝ բանակցություններ սկսելու էներգետիկ օբյեկտների հարվածներից հրաժարվելու շուրջ, սակայն դրանք տապալվել էին Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման պատճառով։