Հոկտեմբերի առաջին երեք շաբաթներին ռեկորդային ցածր ցուցանիշերի են հասել Գազա մատակարարվող մարդասիրական օգնության ծավալները՝ չնայած նման խոչընդոտներ չստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ից Իսրայելին ուղղված կոչերին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներին։
Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ են ուղարկել իրենց իսրայելցի գործընկերներին՝ պահանջելով «30 օրվա ընթացքում կոնկրետ քայլեր ձեռնարկել»՝ բարելավելու հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում։ Նամակում, որի տեքստը ավելի վաղ հրապարակել էր ամերիկյան Axios հարթակի լրագրող Բարաք Ռավիդը, նշվում էր, որ ԱՄՆ-ի պահանջները չկատարելը կարող է հետևանքներ ունենալ Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու հարցում։
Financial Times-ը նշում է, որ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Գազա ժամանել է ընդամենը 704 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար, ինչը զգալիորեն պակաս է նախորդ ամսվա համեմատ (սեպտեմբերին այնտեղ մուտք է գործել 3 հազար բեռնատար)։ 2023 թվականի հոկտեմբերին հակամարտության սկսվելուց հետո սա արձանագրված ամենացածր ցուցանիշն է։ Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Իսրայելի ղեկավարությունից պահանջել է ապահովել օրական 350 բեռնատարի մուտք։
«Իրավիճակն այսօր Գազայի հյուսիսում ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ գրվեց [Օսթինի եւ Բլիքենի] նամակը […] այն տարածքները, որոնք այժմ ամայացած են, ոչինչ չեն ստացել»,- մեջբերում է պարբերականը Oxfam America-ի խաղաղության և անվտանգության տնօրեն Սքոթ Փոլի խոսքերը:
Ավելի վաղ Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-21-ը Իսրայելի կառավարությունը հրաժարվել էր Գազայի հատված մուտքի թույլատրություն տալուց 448 մարդասիրական առաքելություններից 201-ին: