Հյուսիսային Կորեան իր զինուժը Ռուսաստան ուղարկելու դիմաց «մեծ հավանականությամբ» կարող է այնպիսի տեխնոլոգիաներ պահանջել, որոնք կարող են վերաբերել «միջուկային եւ բալիստիկ հրթիռների» ոլորտին։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարավկորեացի նախարարի խոսքերով՝ ԿԺԴՀ զորքերի տեղակայումը Կորեական թերակղզում անպայման չի հանգեցնի պատերազմի, բայց երկու երկրների միջեւ կարող է մեծացնել անվտանգության սպառնալիքները։
Օսթինն էլ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ բոլոր «հիմքերը կան ենթադրելու», որ Հյուսիսային Կորեան մոտ 10․000 զինվորի է ուղարկել Ռուսաստանի արեւելյան հատվածներ նախապատրաստություն անցնելու համար, մի մասն արդեն «մոտեցել է Ուկրաինային»:
«Եվ մենք նրանց տեսնում ենք ռուսական համազգեստով եւ ռուսական տեխնիկայով հագեցած: Եվ ես ավելի մեծ անհանգստություն ունեմ, որ Կրեմլը նախատեսում է այս հյուսիսկորեացի զինվորներին օգտագործել Ռուսաստանի Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ ռուսական մարտական գործողություններին աջակցելու նպատակով»,- հայտարարել է Օսթինը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ստորագրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որով Մոսկվան պարտավորվել է ռազմական օգնություն չտրամադրել ԿԺԴՀ-ին։
Պենտագոնի ղեկավարը իր հարավկորեացի գործընկերոջը նաեւ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները «լիովին հավատարիմ է մնում Կորեայի Հանրապետության պաշտպանության իր հանձնառությանը»: Այդ պարտավորությունը, նրա խոսքերով, ապահովված է «ԱՄՆ-ի սովորական հակահրթիռային պաշտպանության, միջուկային եւ առաջադեմ ոչ միջուկային հնարավորություններով»:
Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվորի ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։
Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։
Հոկտեմբերի 21-ին Կորեայի արտգործնախարարությունն էլ հայտնեց, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի՝ վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը: