Այսօրվա աղետալի վիճակն աչքի առաջ ունենալով՝ միայն կանխակալը կամ չարամիտը չի ասի, որ 1997-ի աշնանը պետք է ընդունվեր փոխզիջումներով Արցախի խնդիրը լուծելու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը։
Այն գուցե ամենալավ լուծումը չէր, բայց այսօրվա բարձրությունից հետհայացք կարելի է պնդել՝ ավելի լավը, որ կբավարարեր հակամարտող կողմերին ու հակամարտության վերջակետը կդներ, դրանից հետո չի եղել։
1998-ին, բայց, աղետի զգացումը չկար։ Քչաթիվ հեռատեսներն էին միայն զգուշացնում, որ պատերազմի վերջակետը չդնելը ճակատագրական է լինելու։ Մոլորեցնող ոգեւորություն էր, որի ֆոնին էլ, «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսը թափահարելով, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հեղաշրջում իրականացրին։ Ապա՝ վերջին երկուսը, իրար հաջորդելով, տարի առ տարի մսխեցին մեր ձեռքբերումներն ու փոշիացրին մեր հնարավորությունները։
Քոչարյանը, որ նախագահ դարձավ, վճռել էր՝ ինքը միակն է, որ պետք է ներկայացնի թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Դուրս դրեց Արցախը բանակցային ընթացքից, Արցախի ինքնորոշման խնդիրը վերածեց հայ-ադրբեջանական հակամարտության, թուլացրեց հայկական կողմի դիրքերն ու խնդրի լուծման ուղղությամբ առարկայական ոչ մի քայլ չկատարեց։ Իր տասնամյա իշխանավարումն ավարտեց 2008-ին՝ խաղաղ ցուցարարների գնդակահարությամբ։
Հաջորդ անգամ նրա դերը ճակատագրական եղավ 2021-ին, երբ անհեռատես լինելով՝ չընդունեց ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Եթե սթափ լիներ ու ընդուներ, հավանաբար ընտրության բոլորովին այլ արդյունք կգրանցվեր, ու չէր լինի Փաշինյանը, եւ չէին լինի այն կորուստները, որ ունեցանք 2021-ից հետո։ Բայց նա, թյուր հաշվարկների վրա հիմնված, վստահ էր, որ հաջողում է, իրեն արդեն դրության տեր էր պատկերացնում ու իր երեւակայական հաջողությունից ոչինչ զիջել չէր ցանկանում։
Սերժ Սարգսյանը, որ կեղծված ընտրությունների ու արյունահեղության հետեւանքով հաջորդեց Քոչարյանին՝ չնայած1998-ից սկսած անընդհատ հնչող նախազգուշացումներին, որ սպառվելու է ձգելու ռեսուրսը, վստահ էր՝ խոստումներով, տարատեսակ պատճառաբանություններով, Մոսկվային անվերապահ ծառայելու դիմաց Մոսկվայից ստացած աջակցությամբ ձգելու է ու հարցի լուծման չի գնալու։
Ասում են, իբր, 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի հարվածից սթափված նախկին ոչմիթիզական Սարգսյանը Արցախի ղեկավարությանն ասել է, թե պետք է գնալ զիջումների, հակառակ դեպքում գալու է օրը, որ կորցրած Ստեփանակերտի մասին երգեր են երգելու։ Հավանաբար ասել է։ Ու ասել է ոչ թե փոխզիջումների, այլ զիջումների մասին։ Որովհետեւ իրականացել էին կանխատեսումները, սպառվում էր ձգելու ռեսուրսը։ Ադրբեջանական կողմը՝ վստահ իր ուժերին, պատերազմով էր սպառնում ու միակողմանի զիջումներ էր պահանջում։
Նա, անկասկած, տեսնում էր վտանգը։ Չտեսնել չէր կարող։ Բայց վիճակի ամբողջ լրջությունը հասկանալով հանդերձ՝ աղետաբեր ընթացքը բեկելու քաջություն չունեցավ։ Ոչինչ չձեռնարկեց։ Հույսը Մոսկվայի վրա դրած, թե պատերազմ թույլ չի տա՝ բավարարվեց Արցախի պաշտոնյաներին զգուշացնելով ու գնաց զբաղվելու սեփական իշխանության հավերժացման գործով։
Իսկ պատերազմի սպառնալիքն ավելի քան իրական էր։ Հակառակորդն իր ծրագրերը չէր թաքցնում։ Պատրաստվում ու բաց խոսում էր դրանց մասին։ Այն մի օր պետք է պայթեր։ Հարմար օր էր պետք։
Հարմար օրը եղավ Փաշինյանի օրոք։ Նա, լինելով իր նախորդներ Քոչարյանի ու Սարգսյանի՝ ոչինչ չզիջելու եւ խնդրի լուծումը ձգելու գծի շարունակողը, գերազանցեց նրանց անպատասխանատվությամբ։ Պատերազմի վտանգից ընդհանրապես չէր վախենում։ Չէր վախենում ոչ թե որ քաջ էր, այլ որովհետեւ չէր հասկանում այդ վտանգը։ Նա, ի տարբերություն իր նախորդների, չգիտակցեց, որ մի սահման կա, որից այն կողմ անցնել չի կարելի։ Այդ սահմանը բանակցությունները մերժելն էր։ Ավելի ճիշտ՝ բանակցությունների տրամաբանությունը մերժելն էր։ Նա հատեց այդ սահմանը, եւ պայթեց պատերազմը։
Իսկ այսօր մենք բոլորս հավաքում ենք այն բերքը, որը ցանել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եւ որն առատորեն ոռոգել է Նիկոլ Փաշինյանը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։