Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 31-ից ամբողջ երկրում եռօրյա սուգ է հայտարարել Վալենսիայում ջրհեղեղի պատճառով, հայտնում է El Pais-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ սա Իսպանիայի նորագույն պատմության ամենաավերիչ ջրհեղեղներից է, որի հետեւանքով զոհվել է 95 մարդ, որոնցից 92-ը՝ Վալենսիայում, 1-ը՝ Մալագայում, երկուսը՝ Կաստիլիա-Լա Մանչայում։ Իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Դեռեւս հայտնի չէ անհետ կորածների ստույգ թիվը։ Հոկտեմբերի 31-ի առավոտյան հրշեջները, զինվորականները եւ ոստիկանները վերսկսել են որոնողափրկարարական աշխատանքները։
«Ամբողջ Իսպանիան ձեզ հետ է սգում»,- հայտարարել է վարչապետ Սանչեսը հեռուստաելույթի ժամանակ՝ դիմելով դեռեւս հարազատներին որոնող քաղաքացիներին։
Հոկտեմբերի 30-ին Վալենսիայում ուժեղ անձրեւներ էին սկսվել․ ութ ժամվա ընթացքում թափված տեղումները հավասարազոր էին տարեկան տեղումների քանակին։ Անձրեւների պատճառով խաթարվել է երկաթուղային եւ ավիացիոն հաղորդակցությունը։ Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունները բնակիչներին հորդորել են չօգտվել ճանապարհներից։ Ամենաշատ տուժած շրջաններում դադարեցվել է դպրոցների եւ հիմնական սոցիալական ծառայությունների աշխատանքը։ Վալենսիայում մոտ 150 հազար սպառողներ մնացել են առանց էլեկտրականության։
Սպասվում է, որ Վալենսիա, Տարրագոնա, Անդալուսիա եւ Էստրեմադուրա մարզերում՝ Իսպանիայի հյուսիս-արեւելքում եւ հարավ-արեւմուտքում, անձրեւները կշարունակվեն նաեւ հոկտեմբերի 31-ին։