Իսրայելը եւ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը զգալի առաջընթաց են գրանցել հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է Axios հարթակը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
«Մենք դեռ բանակցություններ ենք վարում, սակայն վերջին 24 ժամվա ընթացքում առաջընթաց է գրանցվել, ինչը նշանակում է, որ նախագահ [ԱՄՆ Ջո] Բայդենը [հատուկ բանագնաց] Ամոս Հոքսթինին իզուր չէ, որ Իսրայել է ուղարկել»,- ասել է ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։ Միեւնույն ժամանակ նշվում է, որ վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ իր կառավարությունն ամեն ինչ անում է «Իսրայելի ագրեսիան դադարեցնելու եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»։
Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Արդյունքում Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
«Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։