Երեւանի փողոցներում, պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թվի կտրուկ ավելացման եւ ոստիկանության համար դրանց տվյալներին 24-ժամյա պարտադիր հասանելիության մասին օրենքի նախագիծը չհիմնավորված է եւ խախտում է մասնավոր կյանքի իրավունքը։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
«Համատարած տեսահսկումն անխուսափելիորեն հանգեցնելու է մարդկանց անձնական կյանք անհիմն ներխուժմանը եւ չի կարող ժողովրդավարական երկրում հանրային անվտանգությունը բարելավելու համար անհրաժեշտ միջոց համարվել։ Հանրային տարածքներում զանգվածային հսկողությունը բացասական ազդեցություն կունենա հիմնարար քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների վրա»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Գեորգի Գոգիան:
Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում չեղարկել 2024 թվականի հունիսից առաջին ընթերցմամբ հաստատված օրինագիծը կամ առնվազն կասեցնել դրա քննարկումը, մինչեւ որ այն մարդու իրավունքների միջազգային չափանիշերին համապատասխան փոփոխությունների ենթարկվի: Բացի այդ, ըստ իրավապաշտպան կառույցի, Կառավարությունը պետք է դիմի Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմնին, օրինագծին գնահատական տալու համար։