Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, հոկտեմբերի 31-ին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռը արձակվել է տեղական ժամանակով առավոտյան 7:10-ին Փհենյանի շրջանից դեպի Ճապոնական ծով, հաղորդում է Yonhap—ը: Հրթիռն ընկել է ծովը 87 րոպե անց՝ առավոտյան 08:37-ին, Հոկայդոյից մոտ 200 կիլոմետր դեպի արեւմուտք, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի իշխանությունների տվյալները։
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Փհենյանը, այսպիսով, իրականացրել է բալիստիկ հրթիռի ամենաերկար փորձարկումը։ Ճապոնիայի կառավարությունն էլ հայտնել է, որ հրթիռը հասել է 7000 կմ բարձրության, իսկ թռիչքի հեռահարությունը եղել է 1000 կիլոմետր: KCNA-ի հայտարարության մեջ ասվում է, որ փորձնական արձակումը «թարմացրել է ռազմավարական հրթիռի հզորության ռեկորդը»:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը փորձարկումից հետո հնչեցրած ուղերձում հրթիռային տեխնոլոգիայի զարգացումը կապել է երկրի միջուկային ներուժի հզորացման հետ։
«Մեր պետության անվտանգության իրավիճակը, ապագայի աճող սպառնալիքներն ու մարտահրավերները մեզնից պահանջում են էլ ավելի ամրապնդել ժամանակակից ռազմավարական հարձակողական զինված ուժերը եւ էլ ավելի լիարժեք պատրաստվել միջուկային առճակատմանը։ Վստահեցնում եմ ձեզ, որ ԿԺԴՀ—ն ոչ մի դեպքում չի փոխի իր կուրսը միջուկային զինված ուժերի հզորացման ուղղությամբ»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը։
Հյուսիսային Կորեան հրթիռի փորձարկումն իրականացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ նրա հարավկորեացի գործընկեր Կիմ Յոնգ Հյունի համատեղ ասուլիսից մի քանի ժամ անց, որտեղ վերջիններս քննադատել էին Հյուսիսային Կորեային իր զինվորներին Ռուսաստան ուղարկելու համար: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ—ի տվյալներով՝ Փհենյանը ռուս—ուկրաինական պատերազմին մասնակցելու համար Ռուսաստան է ուղարկել 11000 զինծառայող, որոնցից երեք հազարն արդեն տեղակայված է առաջնագծի մոտ։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել էր 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, նշում է Yonhap-ը։