Հայաստանի զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Քոչարյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:
Առաջարկը քննարկվել է հոկտեմբերի 31-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:
Ըստ այդմ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջարկվում է պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինվորական ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:
Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով, գործող օրենքի համաձայն, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, Քննչական կոմիտեի ծառայողի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում:
Ուստի օրենսդրական փաթեթով նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ ներառյալ այդ իրավունքի դադարեցման դեպքերը, ինչպես նաեւ հստակեցնել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է՝ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոններում համալրման գործընթացին:
Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են, թե երբ կլինի արդեն վերոնշյալ զորամասերի ցանկը, եւ զինվորականներն ինչպես կկարողանան ծանոթանալ դրան:
Նախարարի խոսքով՝ զորամասերի ցանկը հրապարակային չի լինի, սակայն ցանկություն ունեցող զինվորականների հետ կապ կհաստատեն նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները եւ կտեղեկացնեն:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական դիրքորոշումներ են հայտնել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
Օրենսդրական փաթեթը Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Հարցը քննարկվել եւ ընդունվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ: