ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի պաշտոնականացման գործընթացը։ Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնակարգը պաշտոնականացնելու գործընթացը, որը ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք կայուն եւ արժանապատիվ խաղաղությանն ուղղված կողմերի աշխատանքին հանուն տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վավերացրին հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
ՀՀ Կառավարությունը փաստաթուղթը խորհրդարան էր ուղարկել սեպտեմբերի 26-ին՝ Սահմանադրական դատարանի կողմից այն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելուց հետո։ Ազգային ժողովն էլ այն վավերացրել էր արդեն հոկտեմբերի 23-ին։
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը օգոստոսի 30-ին ստորագրել էին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
Ըստ Կանոնակարգի՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել սահմանազատման գործընթացն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սակայն չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին կարող են ներգրավել փորձագետների, փոխանակել քարտեզագրական եւ գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել եւ ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, իրականացնել սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով սահմանագծման աշխատանքներ եւ այլն։