Որ յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից եւ մասնագիտությունից, կարող է օգնել բնությանը՝ չվերականգնվող ռեսուրսներն անտեղի չվատնելով, շատերը չգիտեն: Շիրակի մարզի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղերի դպրոցականներն արդեն էներգաարդյունավետության եւ էներգախնայողության դասեր են առել, շատ բան սովորել:
Որպեսզի հեռավոր գյուղերում ապրող դպրոցականները սովորեն, որ բնության ռեսուրսները խնայելը օգուտ է թե՛ մարդուն, թե՛ բնությանը, «CapSLoc․Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակում Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Ջրառատ եւ Հովիտ բնակավայրերում իրականացվել է «Էներգաարդյունավետ համայնքներ այսօր եւ վաղը» նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Ծրագրի մասնակից չորս տասնյակից ավելի դպրոցականներ կարճ ժամանակում սովորել են փոքր քայլերով մեծ արդյունքների հասնելու գաղտնիքները:
Հայկանուշ Հովհաննիսյանը Ջրառատի դպրոցում է սովորում: Ասում է՝ մինչ դասընթացներին մասնակցելը գաղափար անգամ չուներ, որ ինքը եւս առանց գիտակցելու բնության ռեսուրսների վատնող է: Արդեն իմացել ու նույն սխալները չի անում: «Սովորեցինք ռեսուրսները ճիշտ կառավարել, իմացանք, որ բնության հնարավորություններն անսպառ չեն»,- ասում է Հայկանուշն ու պատմում, որ առաջին դասից հետո տան ջերմային էլեկտրական լամպերը փոխարինել է սպիտակ՝ էներգախնայող լամպերով, տնից դուրս գալուց առաջ էլ վարդակներն է անջատում, ջրի ծորակը պինդ փակում:
Բասենցի Սոֆի Ամիրյանը նույնպես էներգիան խնայել է սովորել: Տանը լինի, թե դպրոցում, էներգիայի անտեղի վատնում է՛լ թույլ չի տալիս: Ծնողներին, հարազատներին նույնպես գիտելիք է փոխանցում, հորդորում, որ ավելի շատ օգտվեն վերականգնվող էներգիայից, արեւի լույսից, արեւային ջրատաքացուցիչներից: Սոֆին վստահ է, որ յուրաքանչյուր նման քայլ օգուտ է ոչ միայն համայնքին, այլեւ Երկրին, անգամ՝ մոլորակին:
Կառնուտի դպրոցի տնօրեն, «Էներգաարդյունավետ համայնքներ այսօր եւ վաղը» ծրագրի պատասխանատու Հայկուհի Հովհաննիսյանն ասում է՝ դպրացականներն աննախադեպ ոգեւորությամբ են մասնակցել էներգաիրազեկվածության դասընթացներին: Դպրոցականներին ուսուցանել են, որ Էներգախնայողությունը միայն արեւային պանել տեղադրելը չէ. կարող են նոր սերնդի էլեկտրատեխնիկա ընտրելով, բաց գույնի վարագույր կախելով էլ բնության ռեսուրսները խնայել:
Երբ նախաձեռնող խումբը տեսել է, որ իրազեկման արշավը, իրոք, հետաքրքիր էր բոլորին, որոշել են գաղափարի տարածումը դուրս բերել չորս գյուղերից: Աշակերտները հանձնարարականներ են ստացել, սովորածի հիման վրա տեսահոլովակներ պատրաստել եւ տարածել համացանցում: Հովհաննիսյանն ասում է՝ իրենց առջեւ դրված խնդիրը գերազանցել են 10 անգամ: Համացանցը ողողվել է իրազեկման տեսահոլովակներով, լավագույնների հեղինակներն էլ պարգեւատրվել են մեդալներով: «Միայն ծրագիր իրականացնելը բավարար չէ, պետք է ծրագրերով մարդկանց մտածելակերպ փոխել, ներգրավել գործողության մեջ»,- վստահեցնում է ծրագրի պատասխանատուն:
«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ, գիտությունների թեկնածու, բնապահպան Գեւորգ Պետրոսյանը երկար տարիներ չվերականգնվող էներգիայից մասամբ հրաժարվելու եւ վերականգնվողից օգտվելու կոչեր է արել, գործուն քայլեր ձեռնարկել: Նա բիովառելիքի արտադրամաս է հիմնել, բնության մեջ գտնվող աղբը՝ ստվարաթուղթը, չորացած փուշն ու ճյուղերը բիովառելիքի է վերածել: Բնապահպանն ասում է՝ ողջամիտ չէ ամեն մարդուց պահանջել մեծ ներդրում ունենալ էներգախնայողության գործում, բայց ամեն մեկը կարող է իր փոքր քայլերով կլիմայական փոփոխության վրա դրականորեն ազդել։ Օրինակներ է բերում, որոնք շատ պարզ են ու հասանելի բոլորիս համար․ «Կրճատում ենք ջրի անօգուտ վատնումը, անջատում միջանցքի լույսը։ Անգամ կարող ենք լուսամուտը շուտ-շուտ մաքրելով, վարագույը տաքացուցիչի վրա չթողնելով խնայել էներգիան»: Պետրոսյանը կարեւոր քայլ է համարում էլեկտրաէներգիայի փոխարեն վերականգնվող էներգիա օգտագործել, իսկ գազի փոխարեն՝ բիովառելիք:
«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը կանաչ էներգիայի՝ արեւային հոսանքի բազմաթիվ դրական կողմերից առանձնացնում է բնապահպանական բազմաթիվ խնդիրների լուծումը:
Ապացուցված է, որ արեւային կայանի արտադրած 1 կվ/ժ էներգիայի հաշվարկով մթնոլորտ չի արտանետվում 0, 4 կգ ածխածնի երկօքսիդ, իսկ սա մեծ թիվ է Հայաստանի նման երկրի համար:
«Բացի այդ՝ հաշվարկել ենք, որ Լոռու մարզում յուրաքանչյուր անտառամերձ գոտում ապրող ընտանիք, որն օգտվում է արեւային էներգիայից, տարեկան 4-5 ծառ չի հատում,- ասում է Սահակյանը եւ անդրադառնում Շիրակի մարզին,- այստեղ էլ խնդիրն այլ է. մեզ մոտ անտառներ չկան, փոխարենը մարդիկ որպես վառելիք օգտագործում են բրիկետավորված գոմաղբը, որի պատճառով հողը զրկվում է էկոլոգիապես մաքուր պարարտանյութից»:
Խաչիկ Սահակյանն ահազանգում է. Հայաստանը կանգնած է էներգետիկ լուրջ անվտանգային խնդիրների առջեւ, մարտահրավերները բազմազան են, մտավախությունը, որ մի օր կզրկվենք գազից, դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին:
Համեմատաբար անկախ լինելու համար մեզ անհրաժեշտ է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից շատ օգտվել:
Աչք փակել մեր հզոր արեւի վրա եւ չօգտվել մեր էներգետիկ ներուժից, ողջամիտ չէ, հատկապես որ, ըստ արեւային էներգետիկ քարտեզի, Հայաստանի հանդեպ արեւը շռայլ է: Ավելի լավ պատկերացնելու համար միայն նշենք, որ մեր ամենացածր էներգաարդյունավետ՝ Լոռու եւ Տավուշի մարզերը եվրոպական ամենաբարձր արդյունավետ տարածքներից 40 տոկոսով ավելի ցուցանիշ ունեն:
Կխնայենք բնության ռեսուրսները, կօգտվենք մեր աշխարհագրական դիրքից, թե կմնանք ներկրվող կապույտ վառելիքի եւ թանկ էլեկտրաէներգիայի հույսին՝ մեր որոշելիքն է, բայց որ նոր սերունդը շատ բաց է՝ ընդունելու էներգաարդյունավետության եւ էներգախնայողության դասերը, արդեն խոստումնալից է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։