Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման հենց սկզբից հրահանգներ է տվել «հաստատուն եւ հզոր» աջակցություն ցուցաբերելու ռուսական բանակին։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է TACC-ը։
«Հատուկ ռազմական գործողության հենց սկզբից հարգելի ընկեր պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգներ տվեց, որ մենք որեւէ մեկին չնայենք, հաստատուն եւ հզոր կերպով աջակցենք, օգնություն ցուցաբերենք ռուսական բանակին եւ ռուս ժողովրդին իրենց սրբազան պատերազմում»,- ասել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ—ն մինչեւ հաղթական օրը «ամուր կկանգնի ռուս ընկերների կողքին»։
Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ—ից զինվորականներ են ուղարկվել Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանց հաշվարկներով՝ խոսքը 12 հազար զինվորականների մասին է։ Պենտագոնի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 10 հազար զինվոր է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ շուրջ ութ հազար հյուսիսկորեացի զինվոր արդեն Կուրսկի մարզում է։ Ըստ նրա՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ այդ զորքերը մոտ օրերս կսկսեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ «հյուսիսկորեական զորքերը դեռ մարտի չեն անցել, բայց դա օրերի հարց է, ոչ թե ամիսների»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունները։ Նա ասել էր, որ Մոսկվան «երբեք չի կասկածել», որ ԿԺԴՀ ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին։