ԱՄՆ—ի ռազմական եւ հետախուզական պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստան—Ուկրաինա պատերազմը դուրս է եկել փակուղուց, քանի որ ռուսական զորքերը ակտիվացրել են հարձակումները, հայտնում է The New York Times—ը:
Հոդվածի հեղինակները պատմում են, թե ինչպես էին 2024-ի ամռանը ամերիկյան կառավարության վերլուծաբաններն իրենց հետ զրույցի ժամանակ պնդում, որ Ռուսաստանը հազիվ թե առաջիկա ամիսներին զգալի հաջողություններ գրանցի Ուկրաինայում, քանի որ «վատ պատրաստված զորքերը դժվարությամբ են ճեղքում ուկրաինական պաշտպանությունը»: Բայց, ինչպես գրում է NYT-ն, այս գնահատականները սխալ են եղել. ռուսական զորքերը ոչ միայն զգալի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի արեւելքում, այլեւ հետ են գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գրաված տարածքի ավելի քան մեկ երրորդը։ Բացի այդ՝ Ռուսաստանը կրկնապատկել է Ուկրաինայի տարածքում անօդաչու սարքերի հարվածների թիվը. դրանք հուլիսին եղել են 350, օգոստոսին՝ 750, իսկ սեպտեմբերին՝ 1500։
«2022 թվականին Ուկրաինա ներխուժելու ժամանակ ռուս զինվորականների մշտական սխալներն արդեն անցյալում են»,- թերթին ասել են ամերիկացի բարձրաստիճան զինվորականները՝ հավելելով, որ «այժմ Ռուսաստանի զինված ուժերը մեծ էվոլյուցիա են ապրել եւ շարժման մեջ են»: Այս ամենի պատճառով որոշ ամերիկացի զինվորականներ ու հետախուզության աշխատակիցներ թերահավատորեն են վերաբերվում ուկրաինական բանակի կարողություններին՝ ռուսական հարձակումը կանգնեցնելու հարցում։
Ուկրաինան հակամարտության ընթացքում բազմիցս է զենքի մատակարարումներ խնդրել արեւմտյան երկրներից, սակայն, ԱՄՆ զինվորականների տեսանկյունից, Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի բացակայությունն այլեւս գլխավոր խնդիր չէ։ Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծում են, որ Ուկրաինան կտրուկ փակել է Ռուսաստանի հետ իր հրետանային բացը եւ նաեւ անօդաչու թռչող սարքեր է օգտագործում ռուսական զրահամեքենաները ոչնչացնելու համար: Ուկրաինայի զինված ուժերի ամենամեծ խնդիրը, ըստ պաշտոնյաների, զինվորների պակասն էր։ NYT-ի տվյալներով՝ մարտում զոհվել է 57 հազար ուկրաինացի զինվոր (թերթը չի ներկայացնում այս տվյալների աղբյուրը), ինչը ռուսական կորուստների թվի կեսն է։
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ Պենտագոնում կարծում են, որ Ուկրանիան այժմ ունի բավականաչափ մարդկային ռեսուրս՝ վեց ամսից մինչեւ մեկ տարի պատերազմելու համար։ Ամերիկացի զինվորականները նշել են, որ Ուկրաինայի ԶՈՒ—ն նորաստեղծ ու մարտունակ բրիգադներից մի քանիսը օգտագործել է Կուրսկի մարզում հարձակման համար, մինչդեռ դրանք կարող էր օգտագործել Ուկրաինայի արեւելքում եւ հարավում կամ գոնե հաջորդ տարի հակահարձակման համար ռեզերվներ ստեղծելու մեջ։
Արեւմտյան պաշտոնյաներն ու փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը նույնպեսզ զինվորների եւ տեխնիկայի սուր պակաս է զգում։ Ամերիկացի պաշտոնյաները հավելել են, որ եթե ԱՄՆ—ը շարունակի աջակցել Ուկրաինային մինչեւ հաջորդ ամառ, ապա Ուկրաինայի ԶՈՒ—ն հնարավորություն կունենա օգտվելու ռուսական կողմի տեխնիկայի եւ մարդկային ռեսուրսների պակասի փաստից։