Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է՝ 55.35% ձայնով։ Նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն էլ հավաքել է 44.65 %։ Սրանք Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական արդյունքներն են, որոնք հրապարակվել են ընդհանուր քվեների 98,68%-ի հաշվարկից հետո։
«Մոլդովա, այսօր դուք հաղթեցիք, մենք միասին ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության եւ արժանի ապագայի հանդեպ նվիրվածության ուժը»,- գրել է Սանդուն X-ում՝ շնորհակալություն հայտնելով «ներսի եւ արտերկրի» հայրենակիցներին:
Ըստ Մոլդովայի ԿԸՀ-ի հաշվարկների՝ երկրի ներսում հաղթանակ տարել է Սանդուի մրցակից Ստոյանոգլոն, որն այս դեպքում հավաքել էր ձայների 51,2%-ը, սակայն արտասահմանյան ընտրական տեղամասերի արդյունքների գումարման արդյունքով հաղթել է գործող նախագահը, որի օգտին զանգվածաբար քվեարկել էր մոլդովական սփյուռքը։ Երկրի ներսում Սանդուի օգտին քվեարկել էր ընտրողների 48,81%-ը։
Սանդուն պաշտպանում է երկրի արեւմտամետ ուղին եւ Եվրամիությանն անդամակցությունը: Ստոյանոգլոն էլ ունի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության աջակցությունը, որը հաճախ իշխանություններն անվանում են ռուսամետ։ Ընտրություններին մասնակցությունը եղել է 54,3 %։
Ընտրությունների օրը՝ նոյեմբերի 3-ին, Մոլդովայի իշխանությունները կրկին մեղադրեցին Մոսկվային ընտրություններին միջամտելու համար։ Promo-LEX իրավապաշտպան առաքելության դիտորդները, որոնց արդյունքներին հղում է կատարում «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը, հայտնել են, որ քվեարկության օրը արձանագրել են խախտումների ավելի քան 220 հաղորդում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Սանդուն ստացել է ձայների 42,5%-ը, Ստոյանոգլոն՝ գրեթե 26%-ը։ Միեւնույն ժամանակ, նախընտրական հարցումները ցույց էին տվել, որ Ստոյանոգլոյին երկրի ներսում ցածր աջակցություն կա՝ 11%, իսկ հարցվածների զգալի մասը (մինչեւ 41%) պատասխանել էր, որ դեռ չի կատարել իր ընտրությունը։