Ադրբեջանում սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայից՝ COP29-ից առաջ Amnesty International-ը իր հրապարակած զեկույցում կոչ է անում մարդու իրավունքները դնել կլիմայական գործողությունների բոլոր որոշումների կայացման հիմքում՝ պնդելով, որ այս կարեւոր միջոցառումից առաջ Ադրբեջանում սահմանափակված է քաղաքացիական հասարակության գործունեությունը։
«Կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա մասնակցել կլիմայի շուրջ բանակցություններին: Ակտիվիստները, արհմիությունների առաջնորդները եւ իրավապաշտպանները օգնում են հասնելու հավակնոտ թիրախներին, կենսական դեր են խաղում՝ ապահովելու, որ COP29-ում մշակված ծրագրերը համահունչ լինեն կառավարությունների կողմից մարդու իրավունքների ստանձնած պարտավորություններին, եւ դրանք կյանքի կոչվեն: Սակայն Ադրբեջանի սեփական քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հավանաբար, չափազանց սահմանափակ կլինի: Սպառնալիքներն ու ոտնձգությունները տեղի բազմաթիվ ակտիվիստներին ստիպել են լքել երկիրը, իսկ մյուսները կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքներով: Մնացած մի քանի անկախ ձայներն էլ քրեական հետապնդման եւ վրեժխնդրության վտանգի տակ կհայտնվեն, եթե համարձակվեն որեւէ քննադատություն հնչեցնել COP29-ի ժամանակ»,- ասվում է զեկույցում:
Amnesty-ն ընդգծում է, որ քաղաքացիական հասարակության ճնշումների հետեւանքով ստեղծված «վակուումը» Բաքուն փորձում է լցնել, այսպես կոչված, «կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպություններով»։
«Պետության կողմից աջակցվող այս խմբերը չեն ապահովում անհրաժեշտ անկախ տեսակետները, սակայն նրանց ներկայությունը թույլ է տալիս Ադրբեջանի իշխանություններին ներկայացնել խոսքի եւ միավորումների ազատության նկատմամբ հարգանքի կեղծ պատկեր»,- ընդգծում է Amnesty -ին:
Իրավապաշտպան կառույցը ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կլիմայի փոփոխությունների քարտուղարությանը, Ադրբեջանի կառավարությանը եւ մասնակից մյուս երկրների կառավարություններին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական տարածքը եւ երաշխավորել արտահայտվելու, միավորումներ ստեղծելու եւ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքները:
Amnesty-ն նաեւ ընդգծում է, որ ընթացիկ տարվա սկզբին գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները խախտում են 2015 թվականի Փարիզի համաձայնագրով Բաքվի ստանձնած պարտավորությունները։ Ըստ համաձայնագրի՝ այն ստորագրած բոլոր պետությունները պարտավորվում էին կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը՝ նպատակ ունենալով սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի աճը մինչեւ 2°C-ի։