Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է թե՛ Երեւանի եւ թե՛ Բաքվի համար։
«Այդ փաստաթղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է համ Հայաստանի, համ Ադրբեջանի համար։ Սա երկկողմ հաղթանակ է, սա առաջին միջպետական փաստաթուղթն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դրա իրագործումը թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար անկախության եւ տարածքային ամբողջականության ամենակարեւոր հիմնաքարերից մեկն է։ Մենք առաջ ենք շարժվելու, եւ լիահույս եմ, որ դրական ընթացք կունենանք»,- ասել է Սիմոնյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Պատասխանելով հարցին, թե որտեղից է շարունակվելու սահմանազատման հաջորդ փուլը՝ Սիմոնյանը նշեց․ «Այս պահին որոշում չկա, եւ քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակենք»։
ԱԺ նախագահը նաեւ չբացառեց, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել հենց Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացրած սահմանային շրջաններից՝ նշելով, որ «ամեն բան հնարավոր է»։
«Գոյություն ունեն փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են դեր խաղալ այն հարցում, թե ինչպես շարունակել սահմանազատումը։ Կարելի է շարունակել դեպի հյուսիս, շարունակել դեպի հարավ, կարելի է ընդհանրապես Սյունիքից սկսել կամ ինչ-որ մի մասից սկսել, որ, օրինակ, ավելի հստակ է»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ քննարկումներն այս հարցերով դեռ շարունակվում են, իսկ ցանկացած սահմանազատված հատված՝ լինի 12, 50 թե 100 կիլոմետր, կարեւորագույն գործընթաց է։