ԱՄՆ-ի հետախուզական եւ անվտանգության պաշտոնյաները նոյեմբերի 5-ին սպասվող նախագահական ընտրություններից առաջ Ռուսաստանին եւ Իրանին մեղադրել են կիբերհարձակումների եւ ապատեղեկատվական արշավները ուժգնացնելու համար։
Ռուսական ազդեցության դերակատարները «տեսանյութեր են պատրաստում եւ կեղծ հոդվածներ են հրապարակում ընտրությունների օրինականությունը խաթարելու համար, ընտրողների մեջ ընտրական գործընթացի նկատմամբ վախ սերմանելով եւ հանգեցնում ենթադրությունների, որ ամերիկացիները բռնություն են կիրառում միմյանց նկատմամբ քաղաքական նախապատվությունների պատճառով։ Այս գործողությունները կարող են բռնություն հրահրել, այդ թվում ընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնյաների նկատմամբ»,- ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի, Հետախուզության դաշնային բյուրոյի եւ ԱՄՆ Կիբերանվտանգության ու ենթակառուցվածքների անվտանգության գործակալության նոյեմբերի 4-ին հրապարակած համատեղ հայտարարության մեջ։
Ամերիկյան հետախուզական ծառայությունները արդեն մի քանի ամիս է, ինչ զգուշացնում են Ռուսաստանի կողմից քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի մասին։
ԱՄՆ գործակալությունները, հայտարարության մեջ ներկայացնելով ապատեղեկատվության կիրառվող օրինակ, նշում են, որ ռուսական ազդեցության դերակատարները վերջերս հրապարակել եւ տարածել են մի հոդված, որում կեղծ պնդում է արվում, որ ԱՄՆ պաշտոնյաները «տատանվող» նահանգներում ծրագրում են կազմակերպել ընտրակեղծիքներ՝ օգտագործելով մի շարք մարտավարություններ, ինչպիսիք են քվեաթերթիկների լցոնումները եւ կիբերհարձակումները։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նույն ռուսական ազդեցության դերակատարները վերջերս հրապարակել են նաեւ մի տեսանյութ, որտեղ ներկայացված է հարցազրույց մի անձի հետ, ով պատմում է Արիզոնա նահանգում սպասվող ընտրակեղծիքների մասին, որն իբր ներառելու է կեղծ քվեաթերթիկների ստեղծում եւ ընտրացուցակների փոփոխություն հոգուտ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող փոխնախագահ Քամալա Հարիսի։
ԱՄՆ գործակալությունները նաեւ նշում են, որ ընտրությունների համար Իրանը նույնպես համարվում է «զգալի արտաքին ազդեցության սպառնալիք»։
«Մեր գնահատմամբ՝ Իրանը վնասակար կիբեր գործողություններ է իրականացրել՝ նախկին նախագահ [եւ հանրապետական թեկանծու Դոնալդ] Թրամփի նախընտրական արշավը խաթարելու նպատակով։ Իրանական ազդեցության դերակատարները նույնպես կարող են ստեղծել կեղծ մեդիա բովանդակություն՝ նպատակ ունենալով խանգարելու քվեարկությանը կամ էլ բռնություն հրահրելու, ինչպես կատարել էին նախկին ընտրական փուլերում»,- ասել են հետախուզական ծառայությունները։
Գործակալությունները ընտրողներին հորդորել են «տեղեկություն փնտրել վստահելի, պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ ընտրական գործընթացներում ներգրավված պետական եւ տեղի պաշտոնյաներից»՝ հաշվի առնելով «օտարերկրյա հակառակորդների կողմից շարունակվող ազդեցության ջանքերը եւ համացանցում առկա կեղծ բովանդակությամբ տեղեկատվության աճող ծավալը»:
Թե՛ Թեհրանը ե՛ւ թե Մոսկվան հերքել են՝ ասելով, որ իրենք առնչություն չունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության արշավի հետ: