Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում ավելացել է Հյուսիսային Կորեայից տեղափոխված զինվորականների թիվը։
«Այսօր նաեւ առանձին զեկույց է ներկայացվել Գլխավոր հետախուզության վարչության եւ Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեացի զինվորականների վերաբերյալ: Կուրսկի մարզում նրանց թիվն արդեն 11 հազարի է հասնում։ Մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճ, բայց մեր գործընկերների արձագանքի աճ չենք տեսնում։ Ցավոք»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Միեւնույն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանում կա ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվոր, եւ «նրանց զգալի մասը տեղափոխվել է առաջնագծի շրջաններ, այդ թվում՝ Կուրսկի մարզ»։
Պենտագոնն էլ հայտնել է, որ Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, ԿԺԴՀ-ից տեղափոխված առնվազն 10 հազար զինվորական կա, որոնք դեռ չեն մասնակցում ռազմական գործողություններին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հյուսիսկորեական զորքերը կարող են մարտական գործողությունների մեջ ներգրավվել առաջիկա օրերին:
Հարավային Կորեայի հետախուզությունը դեռ հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն շուրջ 12 հազար զինվորական է ուղարկել Ռուսաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը հյուսիսկորեացի զինվորներին ամսական երկու հազար դոլար կվճարի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ԿԺԴՀ զինվորականների տեղակայելու մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «երբեք չի կասկածել», որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։
Վերջերս էլ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից հրահանգներ է տվել «հաստատուն եւ հզոր կերպով» աջակցել ռուսական բանակին։