Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico պարբերականի նախօրեին հրապարակած այն տեղեկությունները, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպան Վագըֆ Սադիկովից։
«Մեզ հասած տեղեկություններով՝ ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ եւ սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաեւ Եվրամիությանը, եւ այդ հարցով հետաքննություն է ընթանում»,- նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ դեռեւս որեւէ արձագանք չկա, եւ արտգործնախարարությունը պաշտոնապես հաղորդել է ստեղծված իրավիճակի մասին։
Նշենք, որ Politico-ի փոխանցմամբ՝ դեսպան Բալայանը հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպան Սադիկովից սպառնալիքները ստացել էր Թուրքիայի դեսպանատան կողմից երկրի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ՝ հավելելով, որ Հայաստանի դեսպանությունն այդ առնչությամբ պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։
Ըստ պարբերականի՝ Բալայանը բանավոր հարձակումների եւ ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպանի կողմից, որն ակնհայտ սպառնալիքներ է պարունակել հայ դիվանագետի դեմ։
Դեսպան Վագըֆ Սադիկովը Politico-ի հարցմանն ի պատասխան հերքել է միջադեպի մասին տեղեկությունը՝ այն որակելով «ծիծաղելի», եւ նշելով, որ միջոցառումն անցել է մյուս դիվանագիտական ընդունելությունների նման, որտեղ եղել են «լավ սնունդ եւ հաճելի մարդիկ»։