Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասով Հայաստանի կողմից Ադրբեջանին արված վերջին առաջարկները չեն ներառում երրորդ կողմից հաղորդակցության ուղիների վերահսկողություն մասին որեւէ դրույթ։
«Այստեղ հիմնական միտքը ճանապարհների բացումն է՝ համապատասխան խաղաղության խաչմերուկի հայեցակարգի։ Այստեղ որեւէ արտառոց տարրեր չկան, եւ խոսքը հաղորդակցության ուղիները մաքսիմալ բացելու մասին»,- ասել է Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Երեւանի կողմից հաղորդակցության ուղիների բացման պարզեցված ընթացակարգի մասին Բաքվին ներկայացված առաջարկներում ներառվելու են ճանապարհները այլ երկրների պահնորդական կազմակերպությունների պահպանությանը հանձնելու՝ վարչապետի ավելի վաղ հնչեցրած դիտարկումները։
«Հիմնականն այն է, որ բացառվում է երրորդ կողմի վերահսկողությունը՝ անվտանգության եւ այլ ձեւով։ Պահպանվում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ այդ ուղիների տոտալ վերահսկումը, երեւի թե դա կարեւորագույն ասպեկտն է»,- նշել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում առաջընթացի հարցին՝ ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ «վերջին շրջանում շատ ինտենսիվ հանդիպումներ են ընթացել», բայց այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Պատասխանելով, թե ինչ փուլում է խաղաղության պայմանագրի տեքստը՝ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը առաջարկների փաթեթ է ուղարկել եւ սպասում է Բաքվի պատասխանին։