ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Պայքարն ընթանում է Դեմոկրատական կուսակցության թեկանածու, գործող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի եւ Հանրապետական կուսակցության թեկնածու, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ։
Առաջին ընտրատեղամասերը բացվել են Վերմոնտում։ Նահանգներում քվեարկությունների արդյունքներն աստիճանաբար կներկայացվեն մինչեւ նոյեմբերի 6-ի առավոտ։ Ենթադրվում է, որ վերջնական արդյունքը կախված կլինի յոթ «տատանվող» նահանգներից, որոնք են Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նեւադան, Հյուսիսային Կարոլինան, Փենսիլվանիան եւ Վիսկոնսին: Նախընտրական վերջին հարցումները ցույց են տվել, որ դրանցից չորսում Թրամփը հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի տոկոսային չնչին տարբերությամբ։ Դաշնային հարցումների մեծ մասն էլ ցույց է տալիս, որ համազգային մակարդակում առաջատար դիրքերում է փոխնախագահ Հարիսը։
Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած թեկնածուն պարտադիր չէ, որ նախագահ դառնա, քանի որ պետության ղեկավարին ընտրում է Ընտրական կոլեգիան։ Ժողովրդական քվեարկության արդյունքում որոշվում է, թե ինչպես են քվեարկելու յուրաքանչյուր նահանգի Ընտրական կոլեգիայի ներկայացուցիչները, որոնց թիվը հավասար է Կոնգրեսում նահանգի ներկայացուցիչների թվին: Նահանգի ժողովրդական քվեարկության ընթացքում հաղթող թեկնածուն կստանա Ընտրական կոլեգիայի բոլոր ներկայացուցիչների ձայները։
Համապետական մակարդակով հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ ընտրող կոլեգիայի 538 ձայներից 270-ը։
Հիշեցնենք, որ Հարիսը չմասնակցեց դեմոկրատների ներկուսակցական փրայմերիզներին՝ նախնական ընտրություններին, բայց դարձավ կուսակցության թեկնածուն, երբ նախագահ Ջո Բայդենը հուլիսին հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։ Հարիսն ու նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը նախընտրական քարոզարշավն անցկացրել են «Եկեք հաղթենք» կարգախոսով։ Իսկ Թրամփն ու փոխնախագահի իր թեկնածու Ջի Դի Վենսը այս անգամ եւս օգտագործեցին 2016 թավականների ընտրությունների կարգախոսը՝ «Կրկին Մեծ դարձնենք Ամերիկան»։
Թեկնածուները տարբեր դիրքորոշումներ ունեն աբորտի, միգրացիայի, շրջակա միջավայրի, տնտեսության, առողջապահության եւ կրթության, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
Բացի Թրամփից եւ Հարիսից՝ ընտրություններին մասնակցում են Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ջիլ Սթայնը, «Լիբերտարինիստական» կուսակցության թեկնածու Չեյզ Օլիվերը, ինչպես նաեւ փոքր այլ կուսակցությունների մի քանի այլ թեկնածուներ։ Նրանք հաղթելու շանսեր չունեն, բայց ընդգրկվել են տարբեր նահանգների քվեաթերթիկներում:
Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ միաժամանակ ընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները եւ Սենատի մեկ երրորդը։ Ստորին պալատում մեծամասնությունն այժմ հանրապետականներն են, իսկ վերին պալատում՝ դեմոկրատները։