Մոլդովայի նախագահական ընտրությունները «ո՛չ ժողովրդավարական էին, ո՛չ էլ արդար», քանի որ երկրի «հարյուրհազարավոր քաղաքացիներ» չեն կարողացել քվեարկել Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքները։
«Մենք կարող ենք օբյեկտիվորեն դատել այս ընտրությունների մասին՝ խոսելով այն հարյուրհազարավոր Մոլդովայի քաղաքացիների մասին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է պնդել, որ այս քաղաքացիներին հնարավորություն չի տրվել օգտագործելու իրենց ձայնն ու քվեարկելու։ Երկրի բնակչության մեծ մասը քվեարկելու հնարավորություն չի ունեցել՝ ի տարբերություն Մոլդովայի այն քաղաքացիների, որոնք աշխատում են եվրոպական երկրներում»,- ասել է Պեսկովը։
Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պնդում է, որ Մոլդովայից անկախության ձգտող Մերձդնեստրի բնակիչների մեծ մասը չի կարողացել մասնակցել քվեարկությանը։ Սա, ըստ Պեսկովի, չի կարող չազդել Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ «Այս ընտրությունները ո՛չ ժողովրդավարական էին, ո՛չ արդար։ Դրանք լի էին ընտրական մանիպուլյացիաներով»,- հավելել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաեւ հերքել է քվեարկությանը Ռուսաստանի միջամտության մասին հնչող մեղադրանքները։ «Իհարկե, մենք լսում ենք նման անհիմն մեղադրանքներ, բայց երբեք չենք լսել մեր հասցեին որևէ կշտամբանք, որը կհաստատվեր գոնե որոշակի հավաստի տեղեկություններով»,- ասել է Պեսկովը։
Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն, որ հանդես է գալիս Արևմուտքի հետ մերձեցման օգտին, հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին։ Նա հավաքել է ձայների 55,35%-ը։ Նրա մրցակից, Մոսկվային մոտ կանգնած Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է ձայների 44,65%-ը:
Ընտրություններից հետո Սոցիալիստների կուսակցությունը Սանդուին անվանեց «ոչ լեգիտիմ նախագահ»՝ չճանաչելով այլ երկրներում բացված ընտրատեղամասերի արդյունքները, որոնց շնորհիվ էլ հիմնականում հաղթել էր գործող նախագահը։