Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում կկայանա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP29) նստաշրջանը, որին հրավիրված է նաեւ Հայաստանը։ Օրերս ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի մասնակցությունը հաստատված չէ (նախորդ տարեվերջին Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին եւ հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արեւելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը):
Հայաստանը պե՞տք է մասնակցի COP29-ին․ ըստ քաղաքագետ Հակոբ Բադալյանի՝ կարծես թե ձեւավորվել է մի ընդհանուր եզրահանգում՝ մեր երկրի մասնակցությունը կարող է դիտարկվել հնարավոր, եթե Ադրբեջանը համաձայնի վերադարձնել գերիների։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում փորձագետը նշեց՝ այս ընդհանուր եզրահանգմամբ հանդերձ, հարցն այն է, թե արդյոք Հայաստանի մասնակցությունից բացի՝ Ադրբեջանը հավելյալ քաղաքական պայմաններ ու պահանջներ չի առաջադրի։
«Կասկածից վեր է, որ Հայաստանը ցանկացած հնարավորություն պետք է օգտագործի գերիների հարցում առնվազն մասնակի լուծումներ գտնելու նպատակով, բայց պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը շատ ավելի ընդգրկուն քաղաքական սակարկություն է անելու, որովհետեւ գերիներին պահում է որպես քաղաքական առեւտրի առարկա»,-ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից առավելագույնը կորզելու քաղաքականությունը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այժմ պաշտոնական Երեւանը փորձում է մանեւրել, ժամանակ շահել եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, մի կողմից, առիթ չտալ էսկալյացիայի, մյուս կողմից՝ ժամանակ շահելու միջոցով խուսափել ավելի մեծ քաղաքական զիջումներից։
«Թե ինչպիսին են այդ փորձն իրագործելու որակը, արդյունավետությունը, կոմպետենտությունը, շատ դժվար է գնահատել, որովհետեւ մենք չունենք պատկերի մեծ մասը։ Միայն հրապարակային դրսեւորումներով դատելը շատ քիչ է։ Մեծ էսկալյացիայի վտանգները հնարավորինս փոքր զիջումներով չեզոքացնելու մեթոդաբանությունը ռիսկային է։ Այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանը փորձում է ներկայացնել, թե դա առավելագույն օպտիմալն է այս պահին»,- ասում է մեր զրուցակիցը։
Հայաստան-Ադրբեջան ներկայիս հարաբերություններին անդրադառնալով՝ Բադալյանն ընդգծում է՝ գտնվում ենք հիբրիդային համաշխարհային պատերազմի պատմական մեծ շրջափուլում, հետեւաբար առանձին տարածաշրջանի առումով կայուն եւ հանգրվանային խաղաղության շուրջ որեւէ համաձայնություն իրատեսական չէ։ Նրա կարծիքով՝ անգամ եթե ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն, դրանք չեն կարող երաշխավորել խաղաղություն, քանի դեռ մենք այդ համաշխարհային մեծ վերաբաժանման փուլում ենք, որտեղ բոլոր տարածաշրջանների համար ընթանում է աշխարհակարգի ճարտարապետության եւ դիրքային նոր հարաբերակցության ուղղությամբ պայքար։
«Խնդիրը միայն Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը կամ անհամաձայնությունը չէ․ պետք է լինի նաեւ գերտերությունների, ուժային կենտրոննների միջեւ որոշակի համաձայնություն կամ նրանցից մեկի լիարժեք հաղթանակը մյուսի նկատմամբ, երբ Կովկասում դոմինանտ կլինեն հաղթողի օրակարգն ու նրա սահմանած ստատուս-քվոն։ Առայժմ հեռու ենք թե՛ այդ մակրոմիջավայրում հանգրվանային համաձայնությունների ռեժիմից, թե՛ որեւէ կողմի դոմինանտության ռեժիմից։ Ըստ այդմ, հակված եմ մտածելու, որ իրական խաղաղության հեռանկարը Կովկասում, ցավոք, մոտ չէ, որովհետեւ չկա այդ խաղաղության երաշխավոր ուժային համարժեք հավասարակշռությունը թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի, թե՛ արդեն նաեւ մակրոմիջավայրում խաղացողների միջեւ»։
Եթե, ամեն դեպքում, կողմերը կարողանան համաձայնության գալ, եւ ՀՀ-ն ներկայանա COP-29-ին, Բադալյանի դիտարկմամբ, երկրի առաջին դեմքի մասնակցությունը պետք է ունենա շատ ծանրակշիռ պատճառ։
«Ես նույնիսկ չեմ բացառում, որ Ադրբեջանը երկրի ղեկավարի մասնակցությունը որպես պայման առաջադրի գերիների վերադարձի դիմաց։ Բայց դա կլինի Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունը, եթե Հայաստանը չկարողանա այդպիսի պայմանից խուսափել։ Իրավիճակը բացարձակապես այնպիսին չէ, որ Երեւանն առաջին դեմքով մասնակցի COP29-ին»,- նշում է Բադալյանը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւս հակված չէ առաջին դեմքով COP29-ին մասնակցելուն, իսկ առհասարակ մասնակցելու համար երկու կարեւոր սկզբունք պետք է հաշվի առնել։
«Եթե որեւէ զիջող քայլ չանի Ադրբեջանը, ի՞նչ իմաստ ունի մասնակցելը։ Պայմանները երկուսն են՝ կա՛մ ստորագրել խաղաղության պայմանագիր, կա՛մ բաց թողնել հայ գերիներին։ Եթե այդ երկու հարցերից մեկը գոնե մասամբ չլուծվի, չեմ պատկերացնում՝ ինչ իմաստ ունի Ադրբեջան գնալը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց Գրիգորյանը։
Նրա համոզմամբ հավանականություն կա, որ Ադրբեջանը կարող է քայլ անել։ «Դա է հուշում այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը ստորագրեց դեմարկացիայի կանոնակարգը: Ամեն դեպքում, վերջնարդյունքը քաղաքական կամքի դաշտում է․ կլինի՞ քայլ, կլինի եւ մասնակցություն»,- նշեց Գրիգորյանը։
Հակոբ Բադալյանն էլ մի կետ է առանձնացնում, որին եւս պետք է ուշադրություն դարձնել մասնակցության որոշման դեպքում․ «Ադրբեջանը COP29-ի հարթակը վերածելու է ՀՀ-ի դեմ տնտեսական գրոհի հնարավորության՝ թիրախավորելով հանքարդյունաբերությունն ու ատոմակայանը։ Կլիմային առնչվող թեմաներն Ադրբեջանը փորձում է ծառայեցնել Հայաստանի դեմ շինծու մեղադրանքներ հնչեցնելուն եւ դրանց շուրջ միջազգային «կոալիցիա» ձեւավորելուն։ Մասնակցության որոշման դեպքում Հայաստանը պետք է կարողանա համոզիչ և փաստարկված արձագանքել Բաքվի շինծու մեղադրանքներին»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: