ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քվեարկել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թրամփը քվեարկել է Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում։ Նա ընտրատեղամաս էր ժամանել կնոջ՝ Մելանյայի հետ։
Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի։ Թրամփը հայտարարել է, որ «շատ վստահ է» ընտրություններում հաղթելու հարցում, սակայն հիասթափություն է հայտնել, որ արդյունքների հրապարակումը կարող է երկար ժամանակ պահանջել։
«Ես ինձ շատ վստահ եմ զգում։ Ես լսել եմ, որ մենք ամենուր լավ արդյունքների ենք հասնում»,- նախկին նախագահի խոսքերը մեջբերում է CNN-ը։
Նա հավելել է, որ վերջին նախընտրական քարոզարշավը «լավագույնն» էր իր մասնակցած նախորդ երեք քարոզարշավներից։
Նշենք նաեւ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու եւ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը քվեարկել է վաղաժամ՝ նոյեմբերի 3-ին։ Նա հայտնել էր, որ քվեաթերթիկը լրացրել է Միչիգանում եւ ուղարկել այն Կալիֆոռնիա՝ իր հայրենի նահանգ:
ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկել կարելի է անձամբ ընտրատեղամասեր այցելելով կամ փոստով: