Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, հայտնում է Haaretz-ը։
Ինչպես պարզաբանում է The Jerusalem Post-ը, պաշտպանության նոր նախարար է նշանակվել Իսրայել Կացը, որը զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը։
Հրեական պետության արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Գեդեոն Սաարը։
«Որպես Իսրայելի վարչապետ` իմ բարձրագույն պարտականությունն է` ապահովել երկրի անվտանգությունը եւ տանել մեզ դեպի վճռական հաղթանակ։ Պատերազմական պայմաններում վարչապետի եւ պաշտպանության նախարարի միջեւ լիակատար վստահությունն ավելի քան երբեւէ անհրաժեշտ է։ Եթե ռազմական գործողությունների առաջին ամիսներին մենք ունեինք նման վստահություն եւ շատ բանի ենք հասել, ապա վերջին ամիսներին, ցավոք, իմ եւ պաշտպանության նախարարի միջեւ այդ վստահությունը խաթարվել էր։ Իմ եւ պաշտպանության նախարարի միջեւ աստիճանաբար ձեւավորված վստահության ճգնաժամը հանրության համար հասանելի դարձավ, եւ այս ճգնաժամը այժմ թույլ չի տալիս շարունակել [ռազմական] գործողությունների վերահսկումը»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ Նեթանյահուի` ինքը եւ Գալանտը տարաձայնություններ են ունեցել պատերազմի վարման հարցում։
«Ես բազմաթիվ փորձեր կատարեցի այս տարաձայնությունները լուծելու համար, բայց դրանք ավելի ընդարձակվեցին: Դրանք նաեւ անընդունելի ձեւով հայտնի դարձան հանրությանը , իսկ որ ավելի վատ է՝ հայտնի դարձան նաեւ մեր թշնամիներին. մեր թշնամիները վայելեցին այն եւ մեծ օգուտներ քաղեցին»,- ասել Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաեւ ասել է, որ կառավարության անդամների մեծամասնությունը աջակցում է իր որոշմանը։
Գալանտն իր հրաժարականի մասին հայտարարելուց անմիջապես հետո նշել է, որ Իսրայելի անվտանգությունը միշտ եղել եւ մնում է իր կյանքի առաքելությունը:
Յոավ Գալանտը Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականին Իսրայելի Դատաիրավական բարեփոխումները քննադատելուց հետո` մարտին, Նեթանյահուն ազատել էր նրան պաշտպանության նախարարի պաշտոնից։ Սակայն երկու շաբաթ անց հայտարարել էր, որ Գալանտը կմնա իր զբաղեցրած պաշտոնում։
The Guardian-ը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ժամանակ Նեթանյահուի եւ Գալանտի միջեւ շարունակում էին խորանալ տարաձայնությունները` կապված պատերազմի վարման եւ իսրայելցի պատանդներին վերադարձնելու հարցի հետ: Թերթը նշում է, որ լարվածության «վերջին կաթիլը» եղել է պաշտպանության նախարարի աջակցությունը ուղղափառ հրեաներին բանակ զորակոչելու գաղափարին։
Գալանտի հրաժարականի մասին հայտնի է դառնում Իրանի հավանական պատասխան հարվածից առաջ: