Ադրբեջանը՝ որպես հաղթած երկիր եւ տարածաշրջանի ռազմական հզորության կենտրոն, կարող է պարտված Հայաստանին կայուն խաղաղություն հարկադրել։ Նման միտք «Ադրբեջան» թերթի համար գրած հոդվածում հայտնել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։
Ըստ նրա՝ Բաքուն դա կարող է անել՝ ելնելով միջազգային իրավունքի պահանջներից, ինչպես նաեւ վկայակոչելով միջազգային պրակտիկայի տասնյակ փաստեր։
«Վերջին տասնամյակների ընթացքում մենք ականատես ենք եղել գերտերությունների «խաղաղապահ» գործունեությանը Աֆրիկայում, Ասիայում եւ նույնիսկ բուն Եվրոպայում՝ հիմնված «հաղթողներին չեն դատում» սկզբունքների վրա։ Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցային գործընթացում հեռու է գոռոզությունից։ Խնդրի լուծումը փոխվստահության մթնոլորտի, ինչպես նաեւ Հայաստանին արտաքին կործանարար ազդեցությունից ազատելու մեջ է, որը հանգեցնում է նրա ձախողմանը։ Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը»,- գրել է Ուսուբովը։
Ըստ Ադրբեջանի ԱԽ քարտուղարի՝ կարեւոր է ոչ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլեւ դրա դրույթների իրական իրականացման ապահովումը։
«Պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում առաջընթացը եւ իրադարձությունների ընդհանուր ընթացքը ցույց են տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբեւէ մոտ են խաղաղությանը։ Եթե Երեւանն ուժ գտնի ձերբազատվելու իր հովանավորների վնասակար ազդեցությունից, երկու պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա»,- նշում է Ուսուբովը։
Նրա խոսքերով՝ «ռեւանշիստական քաղաքականության պայմաններում» Ադրբեջանը հետեւողականորեն ամրապնդում է իր անվտանգության համակարգը եւ արդեն լիովին ձեւավորել է արդյունավետ պաշտպանական համակարգ եւ հարվածային ռազմավարություն, որի շնորհիվ կկարողանա արագ արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության:
«Ոչ միայն հայ ռեւանշիստները, այլեւ խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու ղեկավարությունը, պետք է անցած տարիների փորձից ճիշտ հետեւություններ անեն եւ չմոռանան «երկաթե բռունցքի» ուժի մասին»,-գրում է Ուսուբովը։