Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ընտրություններում ձեր ձեռք բերած վստահ հաղթանակը ցայտուն արտացոլումն է այն մեծ աջակցության և վստահության, որը բարեկամ ամերիկացի ժողովուրդը տալիս է անձամբ ձեզ և ձեր հետապնդած քաղաքական ուղղությանը։ Ադրբեջանի Հանրապետությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների համակողմանի զարգացմանը»,- ասվում է Ալիեւի ուղերձում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թրամփը իր առաջին նախագահական ժամկետում նշանակալի ուշադրություն է դարձրել Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի բարեկամական և համագործակցային հարաբերությունների ամրապնդման վրա:
«Ես ուրախ եմ նշելու, որ փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված մեր գործընկերությունը, ներառյալ մեր փոխգործակցությունը մի քանի կարևոր ոլորտներում, մասնավորապես՝ գլոբալ մարտահրավերների և ահաբեկչության դեմ պայքարի, միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղություններում, բնութագրվում են դինամիկ և անընդհատ աճող զարգացմամբ։ Կցանկանայի առանձնապես ընդգծել ձեր մշտական հաստատակամ աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը»,- ասվում է ուղերձում։
Ալիեւը նաեւ նշում է, որ Բաքուն վճռական է Վաշինգտոնի հետ հետագայում ընդլայնելու և խորացնելու երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում, այդ թվում քաղաքական, առեւտրատնտեսական, անվտանգության, կանաչ էներգիայի եւ թվային անցման:
Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահը նաեւ վստահեցնում է, որ Բաքուն կշարունակի «Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ իր գործողությունները»։
«Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել ադրբեջանա-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար՝ առաջ մղելու մեր գործընկերությունը՝ հիմնված մեր երկրների ազգային շահերի վրա, որը կներառի նաեւ ազգային անվտանգության ապահովումը»,- ասվում է Ալիեւի ուղերձում:
Նշենք, որ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների թարմացվող տվյալներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը նահանգների ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչներից ստացել է շուրջ 277, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ այլք։