Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, որը մեծ պայքարից հետո հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում եւ վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահը։
Նա նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ Իսրայել-Պաղեստին եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունների կարգավորման հույս է հայտնել։
«Այս նոր դարաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ, մենք հուսով ենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն, եւ տարածաշրջանային եւ գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը եւ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն։ Ես հավատում եմ, որ ավելի շատ ջանք կգործադրվի ավելի արդար աշխարհ կառուցելու համար,- գրել է Էրդողանը՝ հավելելով,- հուսով եմ, որ ընտրությունները օգուտ կբերեն ԱՄՆ-ի բարեկամ եւ դաշնակից ժողովրդի եւ ամբողջ մարդկության համար»:
Նշենք, որ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների թարմացվող տվյալներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը նահանգների ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչներից ստացել է շուրջ 277, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ այլք։