Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, ամփոփելով Ռուսաստանի Կուրսկի մարզում իրականացված հարձակողական գործողությունների երեք ամսվա ընթացքում ունեցած արդյունքները՝ հայտարարել է, որ միայն այս ուղղությամբ ռուսական բանակի կորուստները ավելի քան 20 հազար սպանված եւ վիրավոր են։
Մանրամասնելով ներկայացրած տվյալները՝ Սիրսկին նշել է, որ գերեվարվել է 717, զոհվել՝ 7905, եւ վիրավորվել՝ 12220 ռուս զինծառայող։
Այս տեղեկությունները հաստատող որեւէ այլ տվյալ գեներալը չի ներկայացրել, սակայն գերիների վերջին փոխանակումների ժամանակ ուկրաինական կողմը Ռուսաստանին էր վերադարձրել շուրջ 200 զինվորականի, որոնց թվում եղել են նաեւ ժամկետային զինծառայողներ։
Սիրսկին նաեւ պնդել է, որ Ռուսաստանն այժմ շուրջ 45 հազար զինվորականի է կենտրոնացրել Կուրսկի մարզում, այնտեղ է տեղափոխել նաեւ Հյուսիսային Կորեայից ուղարկված ստորաբաժանումները։
Կուրսկի մարզում շարունակվող գործողությունները գեներալը «կանխարգելիչ» է անվանել՝ նշելով, որ դրանով կանխվել է Ուկրաինայի Սումի շրջանի վրա ռուսական ծրագրված հարձակումը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր Կուրսկում իրականացվող հարձակումն անվանել «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ռազմավարության մաս»՝ ընդգծելով, որ Կիեւն իր առաջ նպատակ չի դրել բռնակցելու ռուսական տարածքները։
Հիշեցնենք, որ ուկրաիանական բանակը Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողությունները սկսել էր օգոստոսի 6-ին՝ կարճ ժամանակահատվածում կարողանալով վերահսկողության տակ վերցնել մի շարք սահմանամերձ բանակավայրեր, այդ թվում Սուջա շրջկենտրոնը, եւ ամրանալ պետական սահմանից մինչեւ 10-15 կիլոմետր խորության վրա։