ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ են հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Ռյուտեն X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ Թրամփի նոր պաշտոնավարումը կարող է առանցքային լինել Դաշինքը ամուր պահելու համար։
«Ես հենց նոր շնորհավորեցի Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը կրկին առանցքային կլինի մեր Դաշինքը ամուր պահելու համար: Ես անհամբեր սպասում եմ նրա հետ կրկին աշխատելուն՝ ՆԱՏՕ-ի հզորության միջոցով խաղաղությունն առաջ մղելու համար»,- գրել է գլխավոր քարտուղարը:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենն էլ ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ավելին են, քան դաշնակիցներ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Ջ. Թրամփին։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ավելին են, քան պարզապես դաշնակիցներ։ Մեզ կապում է մեր ժողովուրդների իրական գործընկերությունը, որը միավորում է 800 միլիոն քաղաքացիների: Այսպիսով՝ եկեք միասին աշխատենք ամուր անդրատլանտյան օրակարգի վրա, որը շարունակում է օգուտ բերել նրանց»,- ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների թարմացվող տվյալներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը նահանգների ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչներից ստացել է շուրջ 277, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ այլք։