ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու եւ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը դիմել է իր կողմնակիցներին։ Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, իր թիմին, իր ամուսնուն եւ նախագահ Ջո Բայդենին աջակցության համար եւ ընդգծել, որ հպարտ է իրականացրած մրցավազքով:
Դիմելով Վաշինգտոնի Հովարդի համալսարանի մոտ հավաքված իր կողմնակիցներին՝ նա հայտարարել է, որ պետք է ընդունել ընտրությունների արդյունքները, եւ որ Բայդենի վարչակազմը պատրաստ է օգնելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա թիմին անցումային փուլում, ինչպես նաեւ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը։
«Ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է, որ եթե մենք պարտվենք ընտրություններում, մենք ընդունում ենք այդ արդյունքները: Այս սկզբունքը տարբերում է ժողովրդավարությունը միապետությունից կամ բռնակալությունից: Եվ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, որ մարդիկ վստահեն իրեն, պետք է հարգի դա»,- հայտարարել է Հարիսը։
Նա նաեւ ընդգծել է, որ ամերիկացիները «հավատարիմ են ոչ թե կոնկրետ նախագահին կամ կուսակցությանը, այլ ԱՄՆ Սահմանադրությանը»։
Ելույթի վերջին հատվածում գործող փոխնախագահը դիմել է Դեմոկրատական կուսակցության կողմնակից երիտասարդներին՝ կոչ անելով չհանձնվել, քանի որ նրանք ունեն աշխարհը դեպի ավելի լավը փոխելու ներուժ եւ կամք։
Չորեքշաբթի ավելի վաղ Քամալա Հարիսը զանգահարել էր հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել էր Թրամփի նախընտրական շտաբը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Քամալա Հարիսն այսօր առավոտյան հեռախոսազրույց են ունեցել, եւ Հարիսը շնորհավորել է Թրամփին պատմական հաղթանակի կապակցությամբ։ Նախագահ Թրամփը բարձր է գնահատել փոխնախագահ Հարիսի ուժը, պրոֆեսիոնալիզմը եւ համառությունը ցուցաբերած քարոզարշավի ընթացքում, եւ երկու առաջնորդներն էլ ընդունել են երկրում միասնության պահպանման կարեւորությունը»,- ասվում էր հաղորդագրության մեջ։