Վաշինգտոնը համառորեն Երեւանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»՝ Հայաստանին ստիպելով հրաժարվել իր արժեքներից, ավանդույթներից եւ շահավետ տնտեսական կապերից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, պետք է վճարի սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից եւ ԵԱՏՄ իր ամենամոտ գործընկերների հետ կայուն առեւտրատնտեսական կապերից հրաժարվելով, որոնք էլ վերջին տարիներին ապահովել են Հայաստանի տնտեսության դինամիկ աճը։ Այսպիսով՝ Վաշինգտոնը Հայաստանին համառորեն մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»,- ասվում է ռուսական հետախուզական ծառայության հայտարարության տեքստում։
Թե կոնկրետ ազգային ինչ արժեքներից հրաժարվելու կամ ԵԱՏՄ գործընկերների հետ առեւտրատնետեսական հարաբերություններից հրաժարվելու ինչ դեպքերի հիման վրա է տարածվում նման հայտարարությունը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը չի հստակեցնում։