Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը նաեւ գլխավորում է նաեւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը։
Լինդների կուսակցությունը Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ Կանաչների հետ միասին իշխող կոալիցիայի մաս է:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախօրեին Բեռլինում՝ Դաշնային կանցլերի գրասենյակում, տեղի ունեցած կոալիցիոն հանձնաժողովի նիստի ժամանակ, որում ընդգրկված են եղել իշխող կոալիցիայում ներկայացված կուսակցությունների նախագահները եւ նրանց խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ֆինանսների նախարար Լինդները գործընկերներին հրավիրել է համաձայնության գալու 2025 թվականի սկզբին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ։
Նման դեպքում, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա պատրաստ կլիներ ընդունելու Գերմանիայի 2024 թվականի բյուջեի լրացուցիչ ծրագիրը եւ մնալ անցումային կաբինետի կազմում մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու Գերմանիայի նոր դաշնային կառավարության ձեւավորումը։ Սրան ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ֆինանսների նախարար Լինդների պաշտոնանկության մասին։
Արդեն այսօր՝ նոյեմբերի 7-ին, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտարարել է իշխող կոալիցիայի փլուզման մասին։ Շոլցն էլ իր հերթին հայտարարել է, որ հունվարի 15-ին Բունդեսթագում վստահության քվե կխնդրի կառավարության համար, իսկ եթե դա չհաջողվի, արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի մարտին։
Ազատ դեմոկրատական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ «Դաշինք-90/Կանաչների» կոալիցիոն կառավարությունը ձեւավորվել էր 2021 թվականին։ Այս կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառով Շոլցի կառավարությունը բնակչության շրջանում ունի բավականին ցածր աջակցություն։