Այդ օրն ինչո՞ւ է տպավորվել, ինչո՞վ է հիշարժան:
ԼՂՀ ԱԺ պատվիրակությամբ Երեւանում էինք՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի: Մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտում գումարվել էր երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստ՝ քննարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած օրինագիծը:
Թե Հայաստանի ԱԺ պատգամավորի հեղինակած օրինագծին դրական կամ բացասական եզրակացություն տալու որոշման հետ ԼՂՀ խորհրդարանն ինչ կապ ուներ, ինչու պիտի պատասխանատու լիներ՝ պարզ էր. իշխող քաղաքական ուժին պետք էր հրապարակայնացնել, որ նույնիսկ Ստեփանակերտի համար է անընդունելի Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, եւ նա նպատակին հասել էր:
Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում փորձեցինք հնարավորինս նրբանկատորեն բացատրել, որ ԼՂՀ պատգամավորներիս համար նման փորձությունը չպետք է կրկնվի, Հայաստանում իշխող ուժն ընդդիմության հետ տարաձայնությունները թող տանը հարթի, Ստեփանակերտը հայաստանյան ներքաղաքական կյանքում «նետո-բրուտո» չէ, որովհետեւ նույն հաջողությամբ ԼՂՀ խորհրդարանի մեծամասնությունը վաղը կարող է կանգնել բոլորովին այլ դիրքում:
Երեւի ստեփանակերտյան «դեմարշն» անսպասելի էր, ընդմիջմանն ԱԺ արարողակարգի աշխատակիցները մոտեցան եւ զգուշացրին, որ ոգելից խմիչքի ձեռք չտանք, որովհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ ընդունելության ժամ է նշանակել:
Դա բավական կարճ, ընդամենը 45 րոպե տեւած հանդիպում էր, որից կես ժամը երկրի նախագահը խոսեց երկու ամիս առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ իր եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին՝ բացահայտելով մանրամասնություններ, որոնց ԼՂՀ ԱԺ պատգամավորներս, բնականաբար, տեղյակ չէինք:
Եթե համառոտեմ, Սերժ Սարգսյանի ասածն այն էր, որ Իլհամ Ալիեւը համաձայն չէ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման ժամկետի, մեխանիզմների ճշտմանը, եւ բանակցություններն այդ կետում տեղապտույտի մեջ են:
Նախագահն անդրադարձավ նաեւ ԼՂ-ի շուրջ տարածքների խնդրին այն իմաստով, որ դրանք պետք է վերադարձվեն, բայց ինչպես եւ ինչի դիմաց՝ նաեւ այդ հարցերն են քննարկման առարկա:
Ընդհանուր առմամբ դա բավական անկեղծ եւ հանգամանալի խոսք էր՝ առանց դույզն-ինչ պաթետիզմի: Այդ բնույթի մի հանդիպում էլ ԼՂՀ ԱԺ նախագահի եւ մի խումբ պատգամավորների համար Քիուեսթից հետո Ռոբերտ Քոչարյանն էր կազմակերպել, բայց ոչ այնքան թափանցիկ շեշտադրումներով, որ 2014 թվականի նոյեմբերի 7-ին թույլ տվեց Սերժ Սարգսյանը, ինչից ակնհայտ դարձավ, որ ԼՂ կարգավորման «մադրիդյան սկզբունքներն» այլեւս ակտուալ չեն:
Այդ ամռանը, օգոստոսին՝ հատկապես, շփման գծում իրավիճակը գրեթե պատերազմական էր: Վլադիմիր Պուտինը կողմերին Սոչի էր հրավիրել, կարելի է ասել՝ արտակարգ իրավիճակում եւ ավելի շատ «հրդեհաշիջման», քան թե քաղաքական լուծումներ որոնելու նպատակով:
Նախագահականից դուրս եկանք ծանր տպավորությամբ: Լուռ էին անգամ մեր պատվիրակության ՀՅԴ-ական անդամները, արդեն մոտ հինգ տարի իշխող ուժ հանդիսացող «Ազատ հայրենիքի» պատգամավորները:
Նման բացախոսության մեզնից շատերը պատրաստ չէին, առաջին անգամ էին Հայաստանի նախագահից ուղիղ տեքստով լսում, որ Ադրբեջանի հետ «մադրիդյան սկզբունքների» շուրջ վեց-յոթ տարի տեւած բանակցությունների գործնական արդյունքը ոչինչ է, ռազմական բախման սպառնալիքը՝ չափազանց առարկայական:
Ուշ աշնանային օրվա մնացած մասը մենք անցկացրինք Երեւանի դասական, խորհրդային ժամանակներից հայտնի ռեստորանում: Ընդունելությունը, իհարկե, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի անունից էր կազմակերպված: Հնչեցին տասնյակ բաժակաճառեր, քնարա-պաթետիկ հարյուրավոր զեղումներ հորդեցին, բայց ո՛չ մենք քաջություն ունեցանք հիշեցնելու նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման սառը սթափությունը, ո՛չ հյուրընկալող կողմը:
Եվ ի՞նչ:
Ոչինչ: Մենք վերադարձանք Ստեփանակերտ եւ մոռացանք Հայաստանի նախագահի հետ հանդիպումը, Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության մերժումը Ստեփանակերտի վրա բարդելու դառնությունը եւ մտանք ամենօրյա ռեժիմի մեջ:
Մինչեւ կպայթեր ապոկալիպսիսը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։