Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել հանրապետական Դոնալդ Թրամփին «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին վերադառնալու կապակցությամբ»։ Նրա ուղերձը հրապարակվել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին, Բելառուսի նախագահի կայքում։
«Քվեարկության արդյունքները, որն այս տարի անցավ աննախադեպ պայքարում, դարձան ձեր անձնական սխրանքի մարմնացումը։ Դուք դա իրականացրել եք հիմնականում Ամերիկայի և նրա քաղաքացիների անունով: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և առողջ քաղաքական որոշումներ, որոնք Ամերիկան նորից կդարձնեն մեծ»,- ասվում է Բելառուսի նախագահի ուղերձում։
Նշենք, որ Թրամփին հաղթանակի կապակցությամբ նոյեմբերի 6-ին շնորհավորել էր նաեւ Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան։
«Շնորհավորում եմ ԱՄՆ նախագահական ընտրություններում ձեր ցնցող հաղթանակի կապակցությամբ։ Ես ակնկալում եմ շարունակել և ընդլայնել մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ Բելառուսին ազատություն բերելու համար: Միացյալ Նահանգները միշտ կլինի մեզ համար առանցքային դաշնակից մեր երկիրը բռնակալությունից ազատագրելու պայքարում»,- ընդգծել է Տիխանովսկայան իր ուղերձում, որը հրապարակվել է իր անձնական կայքէջում։
Տիխանովսկայան նշել է, որ իր թիմը կապեր է պահպանում Դոնալդ Թրամփի շրջապատի և Հանրապետական կուսակցության հետ։
«Բելառուսի հարցը միավորում է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքական գործիչների՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,- ասվում է ուղերձում։
Հիշեցնենք, որ այլ երկրների առաջնորդներից Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը եւ այլք։