Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի որոշ հարցեր դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Կան հարցեր, որոնք դեռ շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջե,ւ եւ բանակցությունները շարունակվելու են»,- ասել է Կոստանյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք պայմանագրի չհամաձայնեցված հատվածները վերաբերում են նաեւ Հայաստանի Սահմանադրությանը՝ փոխարտգործնախարարը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն այժմ աշխատում են «մեկ-երկու ձեւակերպումների» համաձայնության շուրջ։
Արդեն նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 31-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ անհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։
Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով, նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։