Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նա առաջին անգամ մեկնաբանել է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները՝ «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը պատասխանելով համապատասխան հարցերին։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ինչպես ասացի, մենք կաշխատենք պետության ցանկացած ղեկավարի հետ, ում իր վստահությունը կտա ամերիկացի ժողովուրդը։ Դա իսկապես այդպես կլինի գործնականում»,-նշել է Պուտինը:
Խոսել Դոնալդ Թրամփի մասին Ռուսաստանի նախագահը ասել է, որ նա իր պաշտոնավարման առջին ժամկետում «վախենում էր ավելորդ քայլ կատարել, ավելորդ խոսք ասել»։ Պուտնը նաեւ նշել է, որ իրեն տպավորել է Փենսիլվանիայում մահափորձից հետո ԱՄՆ նախագահի հանարպետական թեկնածուի պահվածքը։
«Մարդն իրեն դրսեւորում է արտասովոր պայմաններում։ Եվ նա իրեն դրսեւորեց, իմ կարծիքով, շատ ճիշտ ձեւով, համարձակորեն, տղամարդու պես»,-ասել է ՌԴ նաագահը։
Պուտինն ասել է, որ Թրամփի խոսքերում լսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու եւ «ուկրաինական ճգնաժամի ավարտին նպաստելու» ցանկությունը, ինչն իր գնահատմամբ, «առնվազն ուշադրության է արժանի»։
Նա նաեւ դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ, եթե նա զանգահարի նրան մինչեւ երդմնակալության արարողություն։
Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ չի կարծում, որ իր համար ամոթալի կլինի, եթե ինքը անձամբ զանգահարի Թրամփին։
«Ես դա պարզապես չեմ անում, քանի որ արեւմտյան պետությունների ղեկավարները գրեթե ամեն շաբաթ ինչ-որ փուլում զանգահարում էին ինձ, իսկ հետո հանկարծակի դադարեցրեցին: Եթե չեն ուզում, որեմն պետք էլ չէ։ Ինչպես տեսնում եք, մենք ողջ ու առողջ ենք, զարգանում ենք, առաջ ենք գնում։ Եթե նրանցից որեւէ մեկը ցանկանում է վերսկսել շփումները, ես միշտ ասել եմ եւ ուզում եմ նորից ասել՝ մենք դեմ ոչինչ չունենք»,-ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ այլ երկրների առաջնորդներից Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այլք։