Բուդապեշտում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ կատարել տնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի:
Բացի այդ՝ Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքը:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին: