ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը ընտրություններից հետո իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնավարման մեկնարկի իր առաջնահերթություններից մեկը լինելու է երկրի սահմանների ամրապնդումը։
Անդրադառնալով ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսման մասին NBC News-ի լրագրողի հարցին` Թրամփը նշել է, որ իր վարչակազմն այլ ելք չունի, քան դրանք իրականացնելը։
Թրամփն իր հաղթանակը դեմոկրատ թեկնածուի եւ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ անվանեց երկրում «ողջախոհություն ներդնելու» մանդատ։
CNN-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Թրամփի դաշնակիցները եւ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները գաղտնի պատրաստվում են ներգաղթի քաղաքականության փոփոխություններին։ Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Թրամփի թիմում ամենավաղ քննարկումները կենտրոնացած են եղել հանցագործություններ կատարած անօրինական ներգաղթյալների արտաքսման վտարման հարցի վրա։ Հիմնական հարցն էլ եղել է այն, թե արդյոք մանուկ հասակում Միացյալ Նահանգներ տեղափոխված ներգաղթյալները նույնպես պետք է արտաքսվեն։
The Wall Street Journal-ը գնահատում է, որ արտաքսումների կարող են ենթարկվել ընդհանուր առմամբ 20 միլիոն միգրանտներ:
NBC-ն նշում է, որ Թրամփի հաղթանակը ուղեկցվել է լատինաամերիկացիների ուժեղ աջակցությամբ՝ չնայած նրա միգրացիոն քաղաքականության վրա ուշադրություն հրավիրելու դեմոկրատների գործադրած ջանքերին։ Թրամփի խոսքով՝ ներգաղթի հարցում իր դիրքորոշումը հաջող էր, քանի որ «մարդիկ ցանկանում են, որ իրենց երկիր գան օրինապաշտ քաղաքացիներ»։
Թրամփը նաեւ խոսել է Քամալա Հարիսի եւ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցների մասին՝ դրանք բնութագրելով որպես «շատ հաճելի եւ հարգալից»։
Նա ասել է, որ համաձայնել է շուտով հանդիպել Բայդենի հետ, եւ խոսել է մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։