Ամստերդամում ֆուտբոլային խաղից հետո իսրայելցիների վրա հարձակումների պատճառով Իսրայելի պաշտպանության բանակը փրկարարական գործողություն կիրականացնի: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Ամստերդամում իսրայելցիների դեմ լուրջ եւ դաժան միջադեպերից հետո, քաղաքական ղեկավարության ցուցումով եւ իրավիճակի գնահատման հիման վրա, Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է անհապաղ փրկարարական գործողություն սկսելու՝ այն համաձայնեցնելով Նիդերլանդների կառավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առաքելությունը կիրականացվի բեռնատար ինքնաթիռների միջոցով եւ կներառի բժշկական եւ փրկարարական խմբեր, հայտնում են Իսրայելի պաշտպանության բանակից։ Հաղորդվում է նաեւ, որ փրկարարական գործողությունը կղեկավարի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը՝ համագործակցելով տարբեր գերատեսչությունների, բանակային ստորաբաժանումների եւ Իսրայելի անվտանգության մարմինների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 10 իսրայելցի է վիրավորվել նիդեռլանդական «Այաքս» եւ իսրայելական «Մաքքաբի» ակումբների հանդիպմանը հաջորդած հարձակումների ժամանակ, որը, ինչպես ենթադրվում է, իրականացրել էին Պաղեստինի կողմնակիցները։
ՄԱԿ—ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը տեսանյութ է հրապարակել X-ում, որտեղ երեւում են հարձակվող անձանց մոտ առկա Պաղեստին պետության խորհրդանիշները։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իսրայելցիների վնասվածքների լրջությունը պարզ չէ, քանի որ նրանք այդ պահին կապի մեջ չեն եղել: ԱԳՆ—ն նաեւ խորհուրդ է տալիս Ամստերդամում գտնվող Իսրայելի քաղաքացիներին չլքել հյուրանոցները։
Հրեական պետության Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նաեւ հորդորել է Ամստերդամ այցելող իսրայելցիներին պատսպարվել իրենց հյուրանոցներում: ԱԱԽ—ն նաեւ նշել է, որ Իսրայելի այն քաղաքացիները, որոնք կարող են, պետք է անհապաղ վերադառնան երկիր:
Ամստերդամից իսրայելցիների տարհանելու հրամանը տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Վարչապետը կարգադրել է անհապաղ ուղարկել երկու փրկարարական ինքնաթիռ՝ մեր քաղաքացիներին օգնելու համար»,- ասվում է վարչապետի աշխատակազմից տարածած հաղորդագրության մեջ։