Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման իր քաղաքականությունից: Այսպիսի հայտարարություն այսօր հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում։
«Այն պետք է ավարտվի: Ես դա բազմիցս ասել եմ, և նրանք գիտեն, որ պետք է ուշադրություն դարձնեն իմ խոսքերին։ Դեռ ուշ չէ։ նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք երբեք մեզ հետ մրցելու ուժ չեն ունենա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Միեւնույն ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվում պատերազմ չեն ցանկանում՝ նշելով, որ Ադրբեջանն արդեն հասել է իր նպատակներին։
«Մենք հասել ենք մեր նպատակներին՝ ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Մեր տարածքային ամբողջականությունը պահպանվում է բոլոր սահմանների երկայնքով, իսկ նախկին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց պապենական հողերը։ Այժմ մենք կենտրոնացած ենք վերակառուցման վրա: Սա է մեր հիմնական առաջնահերթությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը հաջորդիվ կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ հարձակողական գոծողությունների արդյունքները բավարար են, որպեսզի «Հայաստանը այսուհետեւ ճիշտ քայլեր ձեռնարկի»:
Բացի այդ՝ Ադրբեջանի ղեկավարը նաեւ նշել է, որ «հակաադրբեջանական ուժերը, այդ թվում՝ որոշ իսլամաֆոբ եւ ադրբեջանաֆոբ շրջանակներ արեւմտյան մայրաքաղաքներում Հայաստանին նոր պատերազմի են մղում»։